2 հուլիսի 2025 - 16:30 AMT
Մամիջանյան․ Սարգսյանն ու Վեհափառը մշտապես կապի մեջ են

«Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը, պատասխանելով այն հարցին, թե ինչու Սերժ Սարգսյանը ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի պես չի հանդիպում կաթողիկոսի հետ՝ աջակցություն հայտնելու, ասել է, որ ՀՀ երրորդ նախագահը մշտական կապի մեջ է Վեհափառի հետ։

«ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանն ու Վեհափառ Հայրապետը մշտական կապի մեջ են»,- ասել է նա լրագրողների հետ զրույցում, գրում է Auroranews.am-ը։

Նա հավելել է, որ այդ շփումները հավելյալ լուսաբանման կարիք չունեն։

«Սերժ Սարգսյանի ու Վեհափառ Հայրապետի շփումները որևէ արտառոց բան չեն պարունակում իրենց մեջ, որպեսզի մենք դրանք առանձնացված լուսաբանենք։ Դրանք կրում են պարբերական բնույթ»,- նշել է նա։

Հայաստանի առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանն այցելել էր Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին և առանձնազրույց է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի հետ։ «Զրույցի ընթացքում նախագահն իր լիակատար աջակցությունն էր հայտնել Վեհափառ Հայրապետին՝ միաժամանակ խստիվ դատապարտելով Հայոց 1700-ամյա Եկեղեցու նկատմամբ ՀՀ իշխանությունների հակասահմանադրական ոտնձգությունը», հայտնել է Մայր Աթոռը։ Ավելի ուշ ևս մեկ հանդիպում է եղել, արդեն առաջին նախագահի առանձնատանը։

Անդրադառնալով ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր–Պետրոսյանի այցին Մայր աթոռ և աջակցությանը կաթողիկոսին, Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել էր, թե Տեր-Պետրոսյանն իհարկե «պիտի կանգնի իր նման ժողովրդատյաց կեղծարարի ու կեղծիքի կողքին»։

«Լևոն Տեր-Պետրոսյանը Հայաստանի Հանրապետությունում ընտրությունների կեղծման պրակտիկայի հիմնադիրն է եւ նա իհարկե պիտի կանգնի իր նման ժողովրդատյաց կեղծարարի ու կեղծիքի կողքին», - գրել է Փաշինյանը: