2 հուլիսի 2025 - 16:59 AMT
ՄԻՊ–ը հորդորել է բոլոր գործընթացների շրջանակներում հետևել կրոնական ազատություններին առնչվող միջազգային երաշխիքներին

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը հայտարարությամբ է հանդես եկել «կրոնական ազատությունների երաշխավորման բնագավառում առկա մտահոգությունների առնչությամբ»։

«Նկատի ունենալով վերջին օրերին տեղի ունեցող իրադարձություններն ու այդ համատեքստում կրոնական ազատություններին առնչվող երաշխիքների անշեղ պահպանման կարևորությունը՝ Մարդու իրավունքների պաշտպանը պահանջում է իրավասու պետական մարմիններից բոլոր գործընթացների շրջանակներում հետևել կրոնական ազատություններին առնչվող միջազգային երաշխիքներին և յուրաքանչյուր իրավիճակում խստորեն պահպանել դրանք։

Ավելին, քանի որ այժմ իրավապահ մարմինների կողմից իրականացվող գործընթացները վերաբերում են նաև Հայ Առաքելական Եկեղեցու ներկայացուցիչներին, բոլոր իրավասու պետական մարմիններն ու պաշտոնատար անձինք պետք է նկատի ունենան, որ գործընթացներն անհրաժեշտ է իրականացնել այն տրամաբանությամբ ու այնպիսի հանրային հաղորդակցությամբ, որպեսզի նույնիսկ նվազագույն հանրային տպավորություն չձևավորվի առ այն, որ չեն հարգվում անձանց կրոնական համոզմունքները կամ քրեաիրավական գործընթացները իրականացվում են կրոնական համոզմունքների հիմքով։ Հանրային հաղորդակցությունը նշված հարցերով անհրաժեշտ է իրականացնել՝ անհրաժեշտ զգայունություն պահպանելով։

Ավելին, բոլոր հանրային քննարկումներն անհրաժեշտ է իրականացնել կրոնական կազմակերպությունների ինքնավարության նկատմամբ հարգանքի հստակ մատնանշմամբ։ Միջազգային իրավական մոտեցումների, այդ թվում՝ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախադեպային պրակտիկայի ամփոփմամբ՝ հարկ է ընդգծել հետևյալ առանցքային հիմնադրույթները՝

▪️ կրոնական համայնքների ինքնավար գոյությունը ժողովրդավարական հասարակության բազմակարծության անքակտելի մասն է։ Թեև կարող է հարկ լինել, որ պետությունը ժողովրդավարական հասարակության մեջ գոյակցող տարբեր կրոնների և կրոնական խմբերի շահերը մեկտեղելու քայլեր ձեռնարկի, սակայն կանոնակարգման իր իրավասությունները կիրառելիս և զանազան կրոնների ու համոզմունքների հետ իր հարաբերություններում պետությունը պարտավոր է մնալ չեզոք և անկողմնակալ (Մահմեդական համայնքի Գերագույն սուրբ խորհուրդն ընդդեմ Բուլղարիայի [Supreme Holy Council of the Muslim Community v. Bulgaria])։

▪️ Հավատացյալների՝ կրոնի ազատության իրավունքը, որը նախատեսում է նաև այլ անձանց հետ համատեղ սեփական դավանանքն արտահայտելու իրավունքը, ենթադրում է, որ հավատացյալներին թույլ է տրվում միավորվել՝ ազատ, առանց պետության կամայական միջամտության: Իրոք, կրոնական համայնքների ինքնավար գոյությունը ժողովրդավարական հասարակությունում բազմակարծության անքակտելի մասն է և հետևաբար մտքի, խղճի ու կրոնի ազատության երաշխավորման պաշտպանության առանցքը (Բեսարաբիայի Մետրոպոլիտեն եկեղեցին ընդդեմ Մակեդոնիայի [Metropolitan Church of Bessarabia v. Moldova]):

▪️ Պետությունը պարտավոր է հարգել կրոնական կամ համոզմունք դավանող համայնքների ինքնավարությունը՝ վերջիններիս իրավաբանական անձի կարգավիճակին հասանելիության ապահովման իր պարտականությունն իրականացնելու ընթացքում։

▪️ Պետությունը պետք է կատարի իր պարտավորությունները՝ ապահովելով, որ ազգային օրենսդրությունը հնարավորություն տա կրոնական կամ համոզմունք դավանող համայնքին ինքնուրույն որոշել՝ իր առաջնորդության կազմը, ներքին կանոնները, իր հավատամքի բովանդակային էությունը, համայնքի կառուցվածքը և հոգևորականների նշանակման մեթոդները, ինչպես նաև իր անվանումն ու այլ խորհրդանիշները։

▪️ Մասնավորապես, պետությունը պետք է զերծ մնա կրոնական կազմակերպության կանոնադրության և էության բովանդակային (սուբստանտիվ), այլ ոչ թե ձևական վերլուծությունից։ Հաշվի առնելով այն հանգամանքը, որ կրոնական կամ համոզմունք դավանող համայնքները գործնականում կարող են ունենալ կազմակերպչական ամենատարբեր ձևաչափեր, այս ոլորտում ազգային օրենսդրության շրջանակում անհրաժեշտ է ապահովել բարձր մակարդակի ճկունություն։

▪️ Իրավունքներն ապահովելու հիմնարար պարտավորությունը, սակայն, չի սահմանափակվում այն պահանջով, որ պետությունները զերծ մնան պաշտպանվող իրավունքներին միջամտելուց. այն կարող է նաև պետությունների վրա ակտիվ քայլեր ձեռնարկելու պարտավորություն դնել։ Օրինակ՝ հնարավոր է, որ իշխանությունների կողմից «չեզոք միջնորդության» անհրաժեշտություն առաջանա՝ օգնելու խմբավորումներին լուծել կրոնական համայնքների ներքին վեճերը։

▪️ Պետության միջամտության համաչափությունը դիտարկելիս առանցքային է հարցի դիտարկումը, թե նման միջամտությունն անցել է արդյոք «չեզոք միջնորդության» սահմանը, որով պարփակվում է ակնկալիքն առ այն, որ համայնքին թույլ կտրվի գործել առանց խաթարումների և պետության կամայական միջնորդության:

Հետևաբար, Մարդու իրավունքների պաշտպանը շեշտել է, որ չնայած որոշ միջամտություններ կարող են պատշաճ համարվել, սակայն դրանք պարտադիր պետք է լինեն հավասարակշռված, չեզոք և երբեք՝ կամայական, որպեսզի հնարավոր լինի ապահովել կրոնական կազմակերպությունների ինքնուրույնությունը։

Ուստի, Պաշտպանը հորդորել է համապատասխան պետական մարմիններին ու պաշտոնատար անձանց՝ բոլոր քրեաիրավական գործողություններն իրականացնել այնպիսի տրամաբանությամբ ու հանրային հաղորդակցության միջոցով, որպեսզի ոչ միայն երաշխավորվեն անձանց կրոնական ազատությունները և սահմանափակումների օրինական կիրառումը, այլև բացառվի տպավորությունը, թե չի հարգվում կրոնական համոզմունքների ազատությունը, Եկեղեցու ինքնավարությունը կամ քրեաիրավական գործընթացներն իրականացվում են կրոնական հիմքով։

Պաշտպանը շեշտել է նաև, որ հանրային քննարկումները պետք է ընթանան կրոնական կազմակերպությունների ինքնավարության նկատմամբ ակնհայտ հարգանքի մթնոլորտում։ Այս համատեքստում, կարևոր է, որ իրավասու մարմինները ներկայացնեն հստակ պարզաբանումներ, թե որքանով են պահպանում ՄԻՊ-ի դիրքորոշման շրջանակում մատնանշված չափանիշները։

Մարդու իրավունքների ու կրոնական ազատությունների պաշտպանության տեսանկյունից առանցքային նշանակություն ունի նաև այն, որ կրոնական կազմակերպություններն անշեղորեն հետևեն իրավունքի սկզբունքներին, հատկապես՝ իրավահավասարության և խտրականության բացակայության պահանջներին։

Միջազգային փորձը ցույց է տվել, որ տարբեր երկրներում եկեղեցիները ակտիվ դեր են ստանձնել մարդու իրավունքների արժեքների առաջխաղացման և խտրական վարքագծի բացառման հարցում։ Ավելին, կրոնական ազատությունների պաշտպանությունը հնարավոր է միայն միմյանց նկատմամբ փոխադարձ հարգանքի պայմաններում։

Սակայն Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի մշտադիտարկման արդյունքները ցույց են տվել, որ շարունակաբար քննադատված՝ արգելված խոսքի ձևերը (ներառյալ՝ կրոնական ազատություններին վերաբերող) օգտագործվել են ոչ միայն պաշտոնատար և իրավաբանությամբ զբաղվող անձանց, այլև եկեղեցականների կողմից։ Այս փաստը լուրջ մտահոգություններ է առաջացրել և խեղաթյուրված ընկալումներ է ձևավորել հասարակության մեջ՝ իրավահավասարության տեսանկյունից խորացնելով արդեն առկա թյուր պատկերացումները։

Պաշտպանը մտահոգություն է հայտնել նաև որոշ հանրային գործիչների կողմից Հայաստանում դրսևորվող խտրական խոսքի առնչությամբ՝ ուղղված կրոնական համոզմունք ունեցող կամ այդ համոզմունքները չունեցող անձանց (ներառյալ՝ աթեիստների կամ կրոնական փոքրամասնությունների ներկայացուցիչների) նկատմամբ, ինչը հակասում է մտքի, խղճի և կրոնի ազատության սկզբունքին։

Հետևաբար, Պաշտպանը՝ որպես Հայաստանում մարդու իրավունքների խթանման լիազորված անձ, պահանջել է, որպեսզի բոլոր պաշտոնյաները, հանրային դեմքերը և կրոնական կազմակերպությունների ներկայացուցիչները զերծ մնան խոսքից և գործողություններից, որոնք հակասում են իրավունքի ժամանակակից պահանջներին, ներառյալ՝ ատելության խոսքի դրսևորումները։

Պաշտպանը վերահաստատել է իր մոտեցումը, ըստ որի՝ կրոնական ազատությունների և նմանատիպ հարցերի կարգավորումը պետք է հիմնված լինի պետության և կրոնական կազմակերպությունների միջև գործընկերային հարաբերությունների սկզբունքի վրա՝ հաշվի առնելով յուրաքանչյուր կողմի գործառույթների թույլատրելի սահմանները։

«Գործընթացներին առնչվող բոլոր հանգամանքների հընթացս վերլուծության արդյունքում ձևավորված վերջնական դիրքորոշման առնչությամբ Մարդու իրավունքների պաշտպանը հանդես կգա հրապարակային»,- ասվում է հայտարարությունում։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում հայտարարել է, որ «անհրաժեշտ է գործուն քայլեր ձեռնարկել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Վեհարանը ազատելու և Կաթողիկոսական նոր ընտրություններ կազմակերպելու ուղղությամբ»։ Նա հավելել է, որ այս փուլում«պիտի ստեղծենք Համակարգող խումբ, վերը նշված օրակարգի կազմակերպչական հարցերը կարգավորելու համար»։ Ընդ որում, նա հայտարարել է, որ «Համակարգող խմբի առաջին 10 անդամի ընտրության պատասխանատվությունը կվերցնի» իր վրա։