«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը շրջանառության մեջ է դրել Ազգային ժողովի հայտարարության նախագիծ, որն անդրադառնում է պետական «իշխանությունը բռնի մեթոդներով գրավելու անթույլատրելիությանը և ժողովրդավարական համակարգի պաշտպանությանը»։
Այն քննարկվելու է ԱԺ արտահերթ նստաշրջանում։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է նախագծի հիմնական զեկուցող, իշխող խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը։
«ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը շրջանառության մեջ է դրել ԱԺ հայտարարության նախագիծ՝ «Բռնության ճանապարհով պետական իշխանությանը տիրանալու անթույլատրելիության և ժողովրդավարության պաշտպանության» մասին։
Շուտով կգումարվի ԱԺ արտահերթ նստաշրջան, որտեղ կքննարկենք հայտարարության նախագիծը և Ազգային ժողովը պաշտոնապես իր գնահատականը կտա Հայաստանի Հանրապետության դեմ ծրագրված ահաբեկչության փաստին։
Հայաստանի Հանրապետությունում իշխանությունը պատկանում է ժողովրդին։ Կեցցե' Հայաստանի Հանրապետությունը», - գրել է նա։
Հիմնավորման մեջ հիշատակվում է, որ 2025 թվականի հունիսին իրավապահները բացահայտել են «ահաբեկչության փորձ՝ միտված երկրում սահմանադրական կարգի տապալմանը և ՀՀ օրինական իշխանությունների բռնի հեռացմանը», հայտնում է «Ազատությունը»։
«Ահաբեկչական խմբավորման անդամները և ղեկավարները ՀՀ Ազգային ժողովի ընդդիմադիր խմբակցությունների և նրանց ղեկավարների հետ սերտորեն կապված անձինք են, ովքեր վերջին շրջանում Հայաստանում կազմակերպել են բողոքի ցույցեր, հանդես եկել իշխանափոխության կոչերով՝ երբեմն հնչեցնելով բացահայտ բռնության և ատելության կոչեր ընդդեմ ՀՀ ընտրված իշխանությունների», - նշված է հայտարարության նախագծի հիմնավորման մեջ։
Քննչական կոմիտեն նախորդ շաբաթ հրապարակել է մի շարք փաստաթղթեր, գաղտնալսումներ, ինչպես նաև պնդել է, որ արքեպիսկոպոս Բագրատ Գալստանյանը՝ «Սրբազան պայքար» շարժման առաջնորդների հետ, ծրագրել է ահաբեկչական ակցիաներ ու գործողություններ, որոնք միտված են եղել Հայաստանում իշխանության զավթմանը։ ՔԿ-ի վարկածով՝ նախատեսվել է օգտագործել նաև արգելված միջոցներ՝ այդ թվում զենք և պայթուցիկ սարքեր։
ՔԿ ղեկավար Արթուր Պողոսյանը երկու օր առաջ հայտարարություն է տարածել՝ ընդգծելով, որ ահաբեկչության նախապատրաստման գործում ներգրավված են եղել ոչ միայն Տավուշի թեմի նախկին առաջնորդ Բագրատ Գալստանյանը, այլև տարբեր մեղադրանքներով կալանավորված ռուսաստանաբնակ միլիարդատեր Սամվել Կարապետյանը և Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը։
Փաստաբանները, սակայն, հերքել են թե՛ ՔԿ նախագահի այս հայտարարությունները, թե՛ իրենց պաշտպանյալների նկատմամբ առաջադրված մեղադրանքները։
Հունիսի 25–ի առավոտյան իրավապահ մարմինները սկսել են խուզարկություններ «Սրբազան պայքար» շարժման կողմնակիցների հասցեներում: Քննչական կոմիտեն հայտարարել է, որ «Սրբազան պայքար» անվանումով շարժման մասնակիցները և ղեկավարները «պլանավորել էին ՀՀ-ում իրականացնել աhաբեկչական և իշխանությունը զավթելուն ուղղված գործողություններ»։ Ավելի ուշ հայտնի դարձավ, որ շարժման առաջնորդ Բագրատ սրբազանը 2 ամսով կալանավորվել է։ Կալանավորվել է ևս 14 անձ։