2 հուլիսի 2025 - 17:49 AMT
Թուրքական ԶԼՄ․ ՀՀ–ն, Թուրքիան և Ադրբեջանը համաձայնության են եկել «Զանգեզուրի միջանցքի» շուրջ

Թուրքական Turkiye today լրատվամիջոցը, հղում անելով նաև համացանցում ադրբեջանական ռեսուրսների պնդումներին, գրել է, թե «Հայաստանը, Թուրքիան և Ադրբեջանը համաձայնության են եկել այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» շուրջ»։

Պաշտոնական մեկնաբանություն կողմերից ոչ մեկը չի ներկայացրել։

Նշվում է, որ դա կարևոր մի զարգացում է, որը կարող է մեծ ազդեցություն ունենալ տարածաշրջանի վրա։

Ըստ CaucasusWarReport–ի X-ի միկրոբլոգում հրապարակված գրառման՝ համաձայնությունը ձեռք է բերվել «ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի Թուրքիա այցի ժամանակ և Ռուսաստանը չի ունենալու որևէ վերահսկողություն միջանցքի վրա և փաստորեն ամբողջությամբ դուրս է մղվում»։

Նշվում է, որ «Զանգեզուրի միջանցքը» կնպաստի նաև Տրանսկասպյան փոխադրումային երթուղուն և միջազգային Հյուսիս–Հարավ փոխադրումներին՝ ուժեղացնելով Եվրասիայի մատակարարման շղթաները և տրանսպորտային դիրքն ամբողջ տարածաշրջանում։

Փաշինյանը հունիսի 20–ին մեկօրյա աշխատանքային այցով մեկնել էր Թուրքիա։ Այդ այցի օրակարգը նախապես չէր հրապարակվել՝ կողմերի փոխադարձ պայմանավորվածությամբ, ինչը նաև հայտարարվել էր վարչապետի կողմից։ Նա Ստամբուլում հանդիպել է տեղի հայ համայնքի ներկայացուցիչների հետ։ Պատասխանելով այն հարցին, թե արդյոք Թուրքիայի նպատակը Մեծ Թուրանի գաղափարի իրագործումը չէ, նա ասել է, որ «Զանգեզուրի միջանցք» չի լինելու, լինելու է «Խաղաղության խաչմերուկ»։

«Մենք էլ, Թուրքիան էլ ճանապարհներ ենք ուզում։ Եկեք բացենք սահմանները։ Մենք այդ ամեն ինչին մի վերնագիր ենք դնում «Թուրան», ու վերջ, գնա՜ց` վայ, վայ… Եկեք մենք էլ ապրենք, ուրիշներին էլ մեր չափով հնարավորություն տանք ապրելու»,–ասել է նա։