2 հուլիսի 2025 - 18:30 AMT
Պետդումայի պատգամավոր․ Հայաստանը կրկնում է Ուկրաինայի ուղին

ՌԴ Պետդումայի պաշտպանության հանձնաժողովի առաջին փոխնախագահ Ալեքսեյ Ժուրավլյովը («Հայրենիք» կուսակցություն) հայտարարել է, որ Հայաստանի գործողությունները՝ ուղղված ռուսական հեռուստաալիքների հնարավոր արգելքին, ինչպես նաև պայքարը եկեղեցու դեմ և ընդդիմության ճնշումները, հիշեցնում են այն ուղին, որով անցել է Ուկրաինան:

Ավելի վաղ Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը հայտարարել էր, որ անհրաժեշտ է քննարկել ռուսական հեռուստաալիքների հեռարձակումը դադարեցնելու հարցը։

«Բոլոր քայլերը Հայաստանում հստակ կրկնում են Ուկրաինայի անցած ճանապարհը։ Պայքարը կանոնական եկեղեցու դեմ, ընդդիմության ճնշումը, հիմա՝ ռուսական հեռուստաալիքների արգելքը։ Եվ այս ամենը միայն նրա համար, որ բնակչությունն իրավունք չունենա այլ տեսակետ ունենալու, քան այն, ինչ տարածում է հայկական կառավարությունը։ Տեղեկատվական վակուումի ստեղծում, այնուհետ՝ միակ հայկական հեռուստամարաթոն։ Պարզապես հորինված իրականություն, որտեղ (Հայաստանի վարչապետ Նիկոլ – խմբ.) Փաշինյանը վաղուց արդեն բոլորին հաղթել է», – ասել է Ժուրավլյովը, գրումն է ՌԻԱ Նովոստին։

Պատգամավորը համոզված է, որ հայ ժողովուրդը դեռ կարող է խուսափել նույն սխալներից, որոնք Ուկրաինային տարան Ռուսաստանի հետ ռազմական հակամարտության։

«Հայ ժողովրդի համար դեռ կա հնարավորություն՝ նույն սխալը չկրկնելու։ Եվ վերջապես մտածելու՝ ուր է տանում Հայաստանը իր ներկա իշխանությունը։ Ակնհայտ է, որ դա բարօրության և ծաղկման ճանապարհ չէ», – հավելել է նա։

2024թ. մարտին հաղորդվեց, որ Հայաստանի հանրային մուլտիպլեքսից հեռացվել է «Վեչեր ս Վլադիմիրոմ Սոլովյովիմ» և «Վոսկրեսնիյ վեչեր ս Վլադիմիրոմ Սոլովյովիմ» հաղորդումների հեռարձակումը։ Ներկայումս Հայաստանի հանրային մուլտիպլեքսով շարունակվում է ռուսական Առաջին ալիքի, ՌՏՌ-Պլանետայի, «Կուլտուրա»-ի և «Միր» միջպետական ալիքի հեռարձակումը։

Հայաստանի բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը հայտնել է, որ հայկական կողմը Մոսկվային առաջարկ է ներկայացրել՝ փոփոխություններ կատարելու զանգվածային հաղորդակցության ոլորտում միջկառավարական համաձայնագրում, որը կարգավորում է ռուսական ալիքների հեռարձակումը Հայաստանում։ Գործող պայմանագրի ժամկետը լրանում է 2027թ․ դեկտեմբերին։