ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի ամառային նստաշրջանի ընթացքում, ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի և ԵԱՀԿ ԽՎ-ում Հայաստանի պատվիրակության ղեկավար Սարգիս Խանդանյանն ընտրվել է ԵԱՀԿ ԽՎ ժողովրդավարության, մարդու իրավունքների և հումանիտար հարցերով հանձնաժողովի նախագահ, հայտնում է ԱԺ մամուլի ծառայությունը։
Սարգիս Խանդանյանը, ստանձնելով հանձնաժողովի նախագահի լիազորությունները, նշել է, որ այս բարդ ժամանակներում մեր հանձնաժողովի առաքելությունն ավելի հրատապ է, քան երբևէ:
« ԵԱՀԿ տարածաշրջանը բախվում է դժվարին ու բազմաշերտ մարտահրավերների՝ շարունակվող հակամարտություններ, մարդու իրավունքների խախտումներ, ժողովրդավարական հետընթաց: Այս պայմաններում ԵԱՀԿ ԽՎ-ն պետք է շարունակի ծառայել որպես երկխոսության և գործողությունների հարթակ՝ հիմնված բազմակողմանիության և արդյունավետ խորհրդարանական դիվանագիտության վրա»,–ասել է նա։
Ժողովրդավարության, մարդու իրավունքների և հումանիտար հարցերով հանձնաժողովը համարվում է ԵԱՀԿ ԽՎ երեք հիմնական մշտական հանձնաժողովներից մեկը։