3 հուլիսի 2025 - 11:36 AMT
Կարապետյան․ ՀԷՑ-ի պետականացման դեպքում սակագինը հնարավոր կլինի պահել միայն կարճաժամկետ հեռանկարում

«Տաշիր» ընկերությունների խմբի փոխնախագահ և «ՀԷՑ» ՓԲԸ տնօրենների խորհրդի ղեկավար Նարեկ Կարապետյանը հայտարարել է, որ ՀԷՑ-ի պետականացման դեպքում կարճաժամկետ կտրվածքով հնարավոր կլինի սակագինը պահել, քանի որ մեծ աշխատանք կա կատարված, բայց երկարաժամկետ առումով հնարավոր չի լինի, հայտնում է News.am-ը։

«Նախ, միջազգային արբիտրաժների արդյունքում տույժեր կգան, որոնք պետությունը ստիպված կլինի վճարել, երկրորդ, միջազգային մեծ բանկերի ֆինանսավորման դադարեցումը կլինի, քանի որ նրանք ոչ մասնավորի հետ չեն աշխատի, հաշվի առնելով պետական համակարգի թուլությունները, և երրորդ, մենք գիտենք, թե ինչպես են աշխատում պետական կառույցները ու դրա արդյունքում երկարաժամկետ մենք կունենանք խնդիրներ։

Իհարկե, դրան իրենք պետք է դեռ հասնեն, իսկ հասնելու արդյունքում նրանք պետք է պատրաստ լինեն, որ մեծ տույժեր են ստիպված լինելու վճարել։ Մենք դրա համար ուրախ չենք, բայց դա պետք է դաս լինի յուրաքանչյուրի համար, որ չի կարելի մասնավոր սեփականության վերաբաշխմանը այդպես հեշտ վերաբերվել»,-ասել է նա։

Նա շեշտել է, որ պետությունն արդյունավետ կառավարման ունակ չէ՝ նշելով, որ այն երկրներում, որտեղ էլեկտրական ցանցերը պետականին են պատկանում, նկատվում են զգալի կորուստներ։

«Օրինակ Ադրբեջանում կան պետական էլեկտրական ցանցեր, այնտեղ կորուստները ՀԷՑ–ի 2012 թվականի կորուստների չափ է, այսինքն շատ բարձր է։ Իրանում կա պետական էլեկտրական ցանցեր, կորուստները շատ բարձր են։ Որտեղ որ մասնավոր է, օրինակ Վրաստանում, Ամերիկայում, Եվրոպայի համարյա բոլոր երկրներում, այդ խնդիրը լուծված է, սակագինը կայուն է։ Դա հնարավոր է, որովհետև մասնավորը իր ամբողջ ժամանակը ներդնում է, որ ընկերությունը էֆեկտիվ լինի»,–ասել է Կարապետյանը։

Նա անդրադարձել է նաև Հայաստանի էներգետիկ համակարգի ներկա վիճակին՝ նշելով, որ այսօր նույնիսկ էներգետիկայի նախարարություն գոյություն չունի։

Նարեկ Կարապետյանը հիշեցրել է, որ նախկինում կար 300 աշխատակից ունեցող նախարարություն, մինչդեռ այժմ գործում է միայն փոխնախարարի հաստիք, որն արդեն ութ ամիս թափուր է։ Ըստ նրա՝ պետք է առաջին հերթին այդ վակուումն լրացնել:

«Նայենք մեր էներգետիկ համակարգը, Հայաստանի էներգետիկան չունի նախարարություն, ժամանակին մենք ունեինք 300 հոգանոց նախարարություն, այսօր ունենք մեկ փոխնախարարի հաստիք և ութ ամիս է՝ այդ հաստիքը թափուր է։ Առաջին քայլը պետք է լինի այն, որ գոնե մենք ունենանք էներգետիկայի փոխնախարար, ով կկարողանա ընդհանուր քաղաքականությունը մշակել։ Եթե մենք փոխնախարարի կադր չենք կարողանում ճարել, ինչպես ենք կադր ճարելու, այսպիսի մեծ ընկերությունների կառավարման համար»,–ասել է նա։

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնել է, որ ՀԷՑ–ի պետականացման պլանը պատրաստ է։ Մինչ այդ Փաշինյանը հայտարարել էր, որ ԱԺ-ում արդեն շրջանառվում է ՀԷՑ-ի ազգայնացման մասին օրինագիծ։ Նա հավելել է, որ «եկեղեցին, տվյալ դեպքում, ՀԷՑ-ի՝ շուտով նախկին սեփականատերերի համար, ընդամենը ծխածածկույթ է, ՀԷՑ-ն իր գործունեության արդյունքում գրեթե էներգետիկ ճգնաժամ է ստեղծել»։

Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովն հունիսի 18–ի նիստում որոշել է «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությանը պարտավորեցնել 10 միլիոն դրամի չափով տուգանք վճարել: