3 հուլիսի 2025 - 12:29 AMT
ԱԳՆ-ն՝ «Քարնեգիի» հրապարակման մասին․ Տարբեր գործընկերներ ՀՀ–ին ու Ադրբեջանին պարբերաբար առաջարկներ են անում

Հայաստանի ԱԳՆ–ն մեկնաբանել է «Քարնեգի» հիմնադրամի հրապարակումը, որտեղ նշվել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը Հայաստանին ու Ադրբեջանին առաջարկներ է ներկայացրել Հարավային Կովկասում ենթակառուցվածքների ապաշրջափակման վերաբերյալ։

ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանը նշել է, որ «տարբեր գործընկերներ ՀՀ–ին ու Ադրբեջանին պարբերաբար առաջարկներ են ներկայացնում»։

«Հարավային Կովկասում տրանսպորտային ենթակառուցվածքների ապաշրջափակումը ՀՀ համար եղել և մնում է կարևոր առաջնահերթություն: Ինչպես հայտնի է, ՀՀ-ն առաջարկել է տարածաշրջանային փոխկապակցվածության իր տեսլականը՝ «Խաղաղության խաչմերուկը», որն արդեն իսկ դրական արձագանքների է արժանացել մի շարք միջազգային գործընկերների կողմից: Ավելին՝ Հայաստանն առաջարկել է այդ նախաձեռնությանը համահունչ մի շարք լուծումներ, որոնք կարող են ընդունելի լինել բոլոր ներգրավված կողմերի համար:

Միաժամանակ, միջազգային տարբեր գործընկերներ ևս պարբերաբար իրենց գաղափարներն են ներկայացնում Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման, այդ թվում` երկու երկրների միջև տրանսպորտային ենթակառուցվածքների ապաշրջափակման վերաբերյալ: Քննարկումները շարունակվում են շահագրգիռ բոլոր գործընկերների հետ՝ շահավետ և տարածաշրջանի խաչմերուկային ներուժն իրացնող արդյունքների հասնելու նպատակով»,-ասվում է հաղորդագրության մեջ։

«Քարնեգիի» հրապարակման մեջ ասվում էր, որ, ըստ 2 օտարերկրյա դիվանագետի, Թրամփի վարչակազմը հաղորդակցությունների ապաշրջափակման իր առաջարկն է արել ՀՀ–ին և Ադրբեջանին՝ այն է ապահովել համաձայնության կայունությունն ամերիկյան բիզնեսի անմիջական մասնակցության միջոցով, ինչպես, օրինակ, Ուկրաինայում հազվագյուտ մետաղների հանքավայրի դեպքում։