Կառավարությունը որոշում է ընդունել ամրապնդելու համագործակցությունը ամերիկյան Plug and Play ընկերության հետ՝ ՀՀ-ում ստարտափ համակարգի զարգացումը շարունակական դարձնելու համար։ Համապատասխան որոշումը կայացվել է գործադիրի այսօրվա նիստի ընթացքում։
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը, ներկայացնելով նախապատմությունը, հիշեցրել է, որ նախարարությունը 2024 թվականին հայտարարել էր դրամաշնորհային մրցույթ՝ նպատակ ունենալով Հայաստան բերել աշխարհում հայտնի ակսելերացիոն ծրագրեր իրականացնող հինգ առաջատար ընկերություններից մեկին, հայտնում է Sputnik Արմենիան։
Արդյունքում հաղթել է ամերիկյան Plug and Play ընկերությունը, որը 2024-25 թվականներին իրականացրել է 26 շաբաթ տևողությամբ ծրագիր՝ նախատեսված 20 հայկական ստարտափի համար։
«Ծրագրի նպատակն էր դեռևս սաղմնային փուլում գտնվող խմբերին, որոնք տեսանելի էին դաշտում, հավաքել մեկ տեղում ու խորհրդատվական աշխատանք իրականացնել, ապահովել նրանց գաղափարից մինչև պրոդուկտի շղթա, ինչպես նաև ներդրումներ ներգրավել ծրագրի շրջանակում այդ ստարտափերի համար»,– նշել է նախարարը։
Հայրապետյանը ընդգծել է, որ համագործակցության շրջանակում արդեն իսկ արձանագրվել են որոշ հաջողություններ․ հայաստանյան ստարտափները սկսել են համագործակցել Սիլիկոնյան հովտի ընկերությունների հետ և նույնիսկ կնքել են գործարքներ։
«Ստարտափերի զարգացումը կենսական նշանակություն ունի մեր նախարարության համար, քանի որ նրանք, ի տարբերություն խոշոր ընկերությունների, շատ ավելի ճկուն են, ավելի բաց են նորարարությունների համար»,– նշել է Հայրապետյանը։
Նա հավելել է, որ Plug and Play-ի միջոցով 2024-ին 46 բարձր որակավորում ունեցող մասնագետ տարբեր փուլերով այցելել է Հայաստան՝ աջակցելով ստարտափներին՝ սկսած գաղափարից մինչև վերջնական արտադրանքի ստեղծում, ինչպես նաև միջազգային շուկա դուրս գալու ամբողջ գործընթացում՝ փոխանցելով համապատասխան գիտելիքներ, փորձ և հմտություններ։
Այս հիմքով էլ Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը նպատակ ունի ամերիկյան ընկերության հետ երկարաժամկետ համագործակցության ձևավորում՝ պայմանագիր կնքելով մինչև 2028 թվականը։ Նման պայմանագրով Plug and Play-ը հնարավորություն կստանա ունենալ մշտական գրասենյակ Երևանում։