3 հուլիսի 2025 - 16:31 AMT
RT. ԱՄՆ-ում ուսումնասիրելու են ՀԱԵ և Ռուսական կայսրության պատմական հարաբերությունները՝ հատկացվել է $60,000

ԱՄՆ Հումանիտար գիտությունների ազգային հիմնադրամը ֆինանսավորել է Հայ Առաքելական եկեղեցու և Ռուսաստանի կայսրության պատմական հարաբերությունների ուսումնասիրման աշխատանքները։ Արդյունքում նախատեսվում է հրատարակել գիրք, որը նախաձեռնողները ներկայացրել են որպես «Ռուսաստանում հայ եկեղեցու ճակատագրի առաջին մատենագրություն»։

«Թեև ծրագիրը ներկայացվում է որպես հումանիտար, սակայն , ըստ փորձագետների, Վաշինգտոնի ուշադրությունը թեմայի հանդեպ պայմանավորված է հայ կրոնական միջավայրի վրա ազդելու ցանկությամբ պայմանավորված «նարատիվներ ստեղծելու» մղումով։ Հարցն առավել ակտուալ է դառնում վարչապետ Նիկոլ Փաշինյանի կառավարության և ՀԱԵ դիմակայության պայմաններում»,–գրում է RT-ն։

Ըստ ԱՄՆ պետական ծախսերի պորտալում հայտնված տվյալների՝ հետազոտությունը կոչվում է «Ռուսաստանի մյուս արևելյան եկեղեցին․ Հայերի դավանանքն ու Ռոմանովների կայսրությունը»։

Նշվում է, որ ծրագրի նպատակներից մեկն է ուսումնասիրել «Ռուսաստանի և Հայ Առաքելական եկեղեցու փոխազդեցությունը XIX դարի ամբողջ ընթացքում»։ Ծրագրի բյուջեն կազմում է 60,000 դոլար։

Հետազոտողներն առանձնացրել են տվյալ հարաբերությունների ձևավորման գործում երկու առանցքային գործոն՝ «հայ հավատքի և արևելյան ուղղափառության տեսական մոտիկությունը և հայ կրոնական համայնքի անդրկայսերային բնույթը»։

Նշվում է, որ հենց այս գործոններն են նպաստել նրանց միջև «ինչպես համագործակցությանը, այնպես էլ հակամարտությանը»։

Նախագիծը մեկնարկել է 2025 թվականի հուլիսին և նախատեսված է մեկ տարվա համար։ Հեղինակի անունը չի նշվում՝ «անվտանգության համատեքստում գաղտնիության հատուկ ընթացակարգի շրջանակներում»։