Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն օկուպացված Ստեփանակերտում մասնակցել է երկաթուղային և ավտոբուսային կայարանի համալիրի հիմնարկեքին։
Թվային զարգացման և տրանսպորտի նախարար Ռաշադ Նաբիևը և «Ադրբեջանական երկաթուղիներ» ՓԲԸ-ի նախագահ Ռովշան Ռուստամովը ներկայացրել են նախատեսվող աշխատանքները և Աղդամից դեպի Ստեփանակերտ կառուցվելիք երկաթուղու նախագիծը, հայտնում է Minval.az-ը։
Նախագծային աշխատանքներն ավարտվել են, նախատեսված է կառուցել 4 կամուրջ, 5 ուղեգիծ, 3 հետիոտնային անցում և 2 ջրատար խողովակ։ Նախատեսվում է կառուցել Ասկերանի և Խոջալուի կայարանները, ինչպես նաև Ստեփանակերտի երկաթուղային-ավտոբուսային կայարանը։ Նախագծի իրականացումը նախատեսված է 2025-2026 թվականներին։
Հուլիսի 3–4–ին Ստեփանակերտում է անցնելու Տնտեսական համագործակցության կազմակերպության հերթական գագաթնաժողովը, որին, ըստ ադրբեջանական լրատվամիջոցների, մասնակցելու է նաև Իրանի նախագահը։ Մասնակիցների մի մասը, այդ թվում Պակիստանի վարչապետն արդեն ժամանել են, սակայն Մասուդ Փեզեշքիանի մասին դեռ ոչինչ չի հաղորդվում։
Ավելի վաղ հետաքննող լրագրող Լինդսի Սնելը, անդրադառնալով Լեռնային Ղարաբաղում հայերի նյութական ժառանգության պահպանության վիճակին, ասել էր, որ Ստեփանակերտի փողոցները լցված են հայերի տների իրերով, իսկ բազմաթիվ բիզնեսներ, հայկական ռեստորաններ, խանութներ տրվել են ադրբեջանցիներին, որոնք դրանց իրենցով են արել:
«Ամեն մի հայ տուն մաքրված է: Եվ այդ տներն արդեն իսկ նախատեսված են ադրբեջանցի վերաբնակիչների համար: Հայկական բիզնեսն այժմ տրվում է ադրբեջանցիներին։ Նույնիսկ բազմաբնակարան շենքերը վերածվում են համալսարանական հանրակացարանների՝ ադրբեջանցի ուսանողների համար»,–գրել էր նա։