Հուլիսի 4-ին և 5-ին մայրաքաղաքում անցկացվող TRICOLOR Yerevan Night Run միջոցառման շրջանակում Երևանի մի շարք փողոցներում ժամանակավորապես կդադարեցվի երթևեկությունը, հայտնում է քաղաքապետարանը։
Վազքը նվիրված է ՀՀ պետական խորհրդանշանների և ՀՀ Սահմանադրության օրվան։
Մասնավորապես, հուլիսի 4-ին՝ ժամը 21:00-ից փակվելու է «Մարիոթ-Արմենիա» հյուրանոցի հատվածից Վազգեն Սարգսյան փողոցի հատվածը, որտեղից նախատեսված է վազքի մեկնարկը։
Ժամը 21:50-ից ժամանակավորապես դադարեցվելու է երթևեկությունը Հանրապետության հրապարակում, Նալբանդյան փողոցում՝ Հանրապետության հրապարակից մինչև Նալբանդյան-Թումանյան խաչմերուկ, Թումանյան փողոցում՝ Նալբանդյան-Թումանյան խաչմերուկից մինչև Թումանյան-Աբովյան խաչմերուկ, ինչպես նաև Պուշկինի և Աբովյան փողոցների մի շարք հատվածներում։ Վազքը նշված երթուղով ավարտվելու է ժամը 23:45-ին։
Հուլիսի 5-ին՝ առավոտյան 09:00-ից սկսած, դադարեցվելու է երթևեկությունը «Մարիոթ-Արմենիա» հյուրանոցի հատվածից դեպի Վազգեն Սարգսյան փողոց, որը կրկին վազքի մեկնարկային կետն է։ Ժամը 10:00-ից կսահմանափակվի երթևեկությունը ինչպես Հանրապետության հրապարակում, այնպես էլ Վազգեն Սարգսյան փողոցում։ Միջոցառման ավարտը նախատեսված է ժամը 11:30-ին։