9 հուլիսի 2025 - 11:18 AMT
Ռուբիո․ ԱՄՆ-ն ակնկալում է, որ ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագիրը շուտով կստորագրվի

ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հույս է հայտնել, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագիրը շուտով կստորագրվի, սակայն այլ մանրամասներ չի ներկայացրել։ Այդ մասին նա ասել է Սպիտակ տանը տեղի ունեցած խորհրդակցության ժամանակ։

Թրամփի նախագահության ժամանակվա արտաքին քաղաքական հաջողություններից մեկն, ըստ Ռուբիոյի, լինելու է «խաղաղության համաձայնագիրըն ՀՀ և Ադրբեջանի միջև», հայտնում է Vesti.ru-ն։

«Հուսով ենք՝ շուտով կլինի նաև խաղաղության համաձայնագիր Ադրբեջանի և Հայաստանի միջև։ Ամբողջ Մերձավոր Արևելքն ու դրա ենթակառուցվածքը հիմա կարող են փոխվել Սիրիայի և Լիբանանի պատճառով։ Եվ դեռ նույնիսկ վեց ամիս չի անցել», - ասել է նա՝ դիմելով Թրամփին։

Մարտի 13–ին ՀՀ ԱԳՆ–ն հայտարարել է, որ ընդունել է չհամաձայնեցված 2 հոդվածի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները և որ Խաղաղության համաձայնագիրը պատրաստ է ստորագրման: Նշվում է, որ ՀՀ–ն պատրաստ է խորհրդակցություններ սկսել համաձայնագրի ստորագրման ժամկետների և տեղի շուրջ։ Բաքվից առաջ են քաշել նոր նախապայմաններ և հայտարարել, թե դեռ վաղ է խոսել հանդիպման ժամկետների մասին:

Խաղաղության համաձայնագրի նախագիծը բաղկացած է 17 կետից, որոնցից նախկինում համաձայնեցվել էր 15-ը։ Չհամաձայնեցված կետերից մեկը միմյանց նկատմամբ միջազգային մակարդակով պահանջներից հրաժարվելն էր, իսկ մյուսը՝ այլ երկրների ներկայացուցիչներին Ադրբեջանի և Հայաստանի սահմանին չտեղակայելը։