Հուլիսի 4-ին ուժի մեջ է մտել «Կրիպտոակտիվների մասին» օրենքը, հայտնում է Կենտրոնական բանկը։
«Կրիպտոակտիվների մասին» օրենքը սահմանում է կրիպտոակտիվների առաջարկի, առք ու վաճառքի, ծառայությունների տրամադրման և շուկայի վերահսկման ընդհանուր կանոնները։ Այս կարգավորումը, պահելով նորարարությունների խթանման և ռիսկերի արդյունավետ կառավարման միջև հավասարակշռությունը, իրավական դաշտում մտցնում է որոշակիություն՝ հնարավորություն ստեղծելով, որ բիզնեսը գործի առավել կանխատեսելի և ապահով միջավայրում։
Օրենքը նախատեսում է նաև այնպիսի կարգավորման մեխանիզմներ, որոնք շուկա մուտք գործելու հնարավորություն են տալիս միայն վստահելի և թափանցիկ ընկերություններին, ինչն անհրաժեշտ նախապայման է կրիպտոակտիվներ ձեռքբերողների իրավունքները պաշտպանելու և այս շուկայի նկատմամբ հանրության վստահությունը բարձրացնելու տեսանկյունից։ Ընդ որում, կարգավորման համար հիմք է հանդիսացել «նույն գործունեություն, նույն ռիսկ, նույն կարգավորում» սկզբունքը, համաձայն որի՝ կրիպտոակտիվներով գործունեության իրականացումը, որն իր էությամբ նման է որևէ ավանդական ֆինանսական գործունեության և առաջացնում է նմանատիպ ռիսկեր, պետք է կարգավորվի նմանատիպ ձևով:
Օրենքն ուժի մեջ մտնելու օրվան հաջորդող վեց ամսվա ընթացքում ԿԲ խորհուրդը կընդունի օրենքը կարգավորող հիմնական ենթաօրենսդրական ակտերը, ներառյալ՝ կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցող անձանց գրանցման և լիցենզավորման, կրիպտոակտիվների առաջարկը կարգավորող նորմատիվ իրավական ակտերը։ Այն անձինք, ովքեր «Կրիպտոակտիվների մասին» օրենքն ուժի մեջ մտնելու օրվա դրությամբ արդեն իսկ կրիպտոակտիվներով ծառայություններ են մատուցում ՀՀ տարածքում, կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցող անձանց լիցենզավորումը կարգավորող ենթաօրենսդրական ակտն ուժի մեջ մտնելուց հետո՝ մեկ տարվա ընթացքում, պետք է գրանցվեն և լիցենզավորվեն ԿԲ կողմից` որպես կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցող անձ։ Այլ անձինք կարող են ՀՀ տարածքում կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցել միայն ԿԲ կողմից գրանցման և լիցենզավորման (թույլտվության ստացման) դեպքում։
Մինչև կրիպտոակտիվների առաջարկի փաստաթղթի ձևն ու բովանդակությունը կարգավորող ենթաօրենսդրական ակտն ուժի մեջ մտնելը՝ ՀՀ տարածքում հրապարակային առաջարկով վաճառված կրիպտոակտիվների թողարկողները կամ տեղաբաշխողները կրիպտոակտիվների առաջարկի փաստաթղթի ձևն ու բովանդակությունը կարգավորող ենթաօրենսդրական ակտն ուժի մեջ մտնելուց հետո՝ երեք ամսվա ընթացքում, պետք է կազմեն, հրապարակեն և ԿԲ ներկայացնեն առաջարկի փաստաթուղթ, եթե «Կրիպտոակտիվների մասին» օրենքով բացառություններ սահմանված չեն: