9 հուլիսի 2025 - 13:20 AMT
ԱԳ փոխնախարարը Նյու Յորքում ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի փոխտեղակալի հետ քննարկել է իրավիճակը Մերձավոր Արևելքում

ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը Նյու ՅորքումՄԱԿ գլխավոր քարտուղարի Միջին Արևելքի, Ասիայի և խաղաղօվկիանոսյան տարածաշրջանով զբաղվող փոխտեղակալ Մուհամեդ Խալեդ Խիյարիի հետ քննարկել է իրավիճակը Մերձավոր Արևելքում։

Անդրադառնալով Հարավային Կովկասում տիրող իրավիճակին՝ ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը զրուցակցին ներկայացրել է տարածաշրջանում խաղաղության օրակարգի առաջմղմանն ուղղված ՀՀ ջանքերը և ընդգծել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին համաձայնագրի շուտափույթ ստորագրման կարևորությունը:

Կողմերն ընդգծել են ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի «ՄԱԿ80» նախաձեռնության հեռանկարները՝ դիտարկելով համագործակցության հնարավոր ուղիներ։

Մարտի 13–ին ՀՀ ԱԳՆ–ն հայտարարել է, որ ընդունել է չհամաձայնեցված 2 հոդվածի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները և որ Խաղաղության համաձայնագիրը պատրաստ է ստորագրման: Նշվում է, որ ՀՀ–ն պատրաստ է խորհրդակցություններ սկսել համաձայնագրի ստորագրման ժամկետների և տեղի շուրջ։ Բաքվից առաջ են քաշել նոր նախապայմաններ և հայտարարել, թե դեռ վաղ է խոսել հանդիպման ժամկետների մասին:

Խաղաղության համաձայնագրի նախագիծը բաղկացած է 17 կետից, որոնցից նախկինում համաձայնեցվել էր 15-ը։ Չհամաձայնեցված կետերից մեկը միմյանց նկատմամբ միջազգային մակարդակով պահանջներից հրաժարվելն էր, իսկ մյուսը՝ այլ երկրների ներկայացուցիչներին Ադրբեջանի և Հայաստանի սահմանին չտեղակայելը։