3 հունիսի 2009 - 18:52 AMT
ՀԱԿ-ը հրաժարվում է իշխանությունների հետ երկխոսությունից
Հայկական ազգային կոնգրեսի ներկայացուցիչ (ՀԱԿ) Վահագն Խաչատրյանն այսօր լրագրողների հետ տեղի ունեցած հանդիպման ժամանակ հայտարարել է, որ անկախ նրանից, թե համաներում կհայտարարվի, թե ոչ, ՀԱԿ-ը չի պատրաստվում երկխոսության գնալ իշխանությունների հետ: «Ընդդիմությունն իշխանությունների հետ զրույցի ընդհանուր թեմաներ չունի, քանի որ արդեն պարզ է, որ ստեղծված իրադրությունում իշխանությունները երկար չեն դիմանա»,- ասել է Խաչատրյանը:
Մեկնաբանելով ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի կողմից հնարավոր համաներման մասին հայտարարությունը` Վահագն Խաչատրյանն ասել է, որ այդ ողջ գործընթացը հերթական ներկայացում է, որին այժմ մասնակցում է նաեւ Հանրային խորհուրդը: Դրա հետ մեկտեղ Խաչատրյանը նշում է, որ եթե նույնիսկ համաներում հայտարարվի, քաղբանտարկյալները մտադիր չեն դուրս գալ բանտերից: «Հնարավոր է` ես բարոյական իրավունք չունեմ ինչ-որ հայտարարություններ անելու նրանց անունից, սակայն բանտերում գտնվող մեր բարեկամները մեզ բարոյական իրավունք են տվել խոսելու նրանց փոխարեն»,- ասել է Խաչատրյանը: