3 հունիսի 2002 - 22:52 AMT
ՇՎԵՅՑԱՐԱԿԱՆ «ՖՐԱՆԿ ՄՅՈՒԼԼԵՐ» ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆԸ ՄԵԿ ՄԻԼԻՈՆ ԵՐԵՔ ՀԱՐՅՈՒՐ ՀԱԶԱՐ ԴՈԼԱՐ Է ՆԵՐԴՐԵԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՄԵՋ
Շվեյցարական «Ֆրանկ Մյուլլեր» ընկերությունն արդեն մեկ միլիոն երեք հարյուր հազար դոլար է ներդրել Հայաստանի տնտեսության մեջ: Ինչպես հաղորդում է «Արմինֆո» գործակալությունը, մեկ միլիոնը ներդրվել է էլիտար եւ թանկարժեք մեխանիկական ժամացույցների ոսկե պատյանի արտադրության կազմակերպման մեջ: Ներդրումներ են պահանջվել նաեւ շենքի վերանորոգման եւ յուրաքնչյուրը 80 հազար դոլար արժողության ութ հաստոցների ներկրման համար: Շվեյցարական ընկերության երեւանյան ներկայացուցչության տնօրեն Գեորգի Մուրադյանի խոսքերով, ԱՊՀ երկրների տարածքում այդպիսի հաստոցներ չկան: Մեկ եւ կես, երկու ամսից Հայաստանում կսկսվի ժամացույցների պատյանների արտադրություն, որոնք կուղարկվեն Շվեյցարիա` ձեռքով հավաքելու նպատակով: Ոսկին, որը կօգտագործվի պատյանների համար, նախատեսվում է ձեռք բերել Հայաստանի սահմաններից դուրս: Ընկերության կողմից արտադրվող ժամացույցների գինը տատանվում է 18-80 հազար դոլարի սահմաններում: Բացի ժամացույցների պատյանների արտադրությունից, «Ֆրանկ Մյուլլերը» Հայաստանում նաեւ զբաղվում է ոսկյա զարդերի արտադրությամբ: Համապատասխան արտադրական բազա ստեղծելու համար, ներդրվել է 300 հազար դոլար: Նշենք, որ «Ֆրանկ Մյուլլերը» իր ներկայացուցչությունն ունի միայն Հայաստանում: Լրատվության արտատպելու կամ օգտագործելու դեպքում հղումը "PanARMENIAN.Net"-ի վրա պարտադիր է: