3 հունիսի 2009 - 20:13 AMT
Հայաստանում մշտապես զգացել են Նիդերլանդների բարյացակամությունը
Հայաստանի ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն այսօր ընդունել է Հայաստանում Նիդերլանդների Թագավորության դեսպան Օննօ Էլդերենբոշին` իր դիվանագիտական առաքելությունն ավարտելու կապակցությամբ: Հայաստանի խորհրդարանի ղեկավարը շնորհակալություն է հայտնել դեսպան Էլդերենբոշին անցած տարիների սերտ համագործակցության համար եւ ընդգծել, որ որ Հայաստանում մշտապես զգացել են Նիդերլանդների բարյացակամությունը եւ օժանդակությունն ինչպես ուղղակի, այնպես էլ Եվրամիության հետ համագործակցության շրջանակներում:
Զրուցակիցները բարձր են գնահատել Հայաստանի եւ Նիդերլանդների խորհրդարանների միջեւ արդեն իսկ գոյություն ունեցող պատգամավորական եւ փորձագիտական փոխանակումների ծրագրերը: Նրանք կարեւորել են երկու երկրների Վերահսկիչ պալատների միջեւ համագործակցությունը, ինչպես նաեւ փորձի փոխանակումը հարկային ու մաքսային բնագավառներում:

Ամփոփելով զրույցը` Հովիկ Աբրահամյանը հաջողություններ է մաղթել դեսպան Էլդերենբոշին իր ձեռնարկումներում եւ հույս հայտնել, որ նա բարեկամական կապը մեր երկրի հետ կշարունակի իր դիվանագիտական առաքելությունն ավարտելուց հետո եւս, հաղորդում է ՀՀ ԱԺ մամլո քարտուղարությունը: