3 հունիսի 2009 - 21:42 AMT
Բաքուն ոչ մի առիթ բաց չի թողնում, որպեսզի արտահայտի իր դիրքորոշումը Լեռնային Ղարաբաղի հարցում
Ադրբեջանը ոչ մի առիթ բաց չի թողնում, որպեսզի արտահայտի իր դիրքորոշումը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում, եւ տարօրինակ չէ, որ Իսլամական համագումարի կազմակերպության անդամ-երկրների ԱԳՆ ղեկավաների նիստի ժամանակ բանաձեւ է ընդունվել Լեռնային Ղարաբաղի հակամարտության մասին: Նման համագումարները, որոնք միավորում են երկրները կրոնական եւ լեզվային ցուցանիշներով, նաեւ նրա համար են, որպեսզի եւս մեկ անգամ ներկայացնեն միջազգային հանրությանն իրենց քարոզչությունը: Այդ մասին PanARMENIAN.Net-ի թղթակցին հայտնել է Բեյրութի «Ազդակ» թերթի գլխավոր խմբագիր Շահան Կանդախարյանը:

«Հասկանալի է, որ այդ բանաձեւերն ունեն միայն հռչակագրային բնույթ: Սա ընդամենը Բաքվի քաղաքականության հերթական դրսեւորումն է, որն ուղղված է իսլամական աշխարհի աջակցությունը ստանալուն»,- ասել է թերթի խմբագիրը: Բայց այստեղ հարց է ծագում: Օրինակ, եթե Լիբանանի պաշտոնական ներկայացուցիչները տարբեր առիթներով հայտարարել են աշխարհի բոլոր հայերի իրավունքների վերականգնման համար, ապա ինչպես կարող են բացատրել հակահայկական բանաձեւի ընդունումը: «Այդ առումով ողջունելի է Սիրիայի ԱԳՆ ղեկավարի հայտարարությունը, որն արվել էր Հայաստան կատարած այցի ժամանակ, որի համաձայն ԼՂ հակամարտության լուծումը պետք է լինի արդար եւ ընդունելի երկու կողմերի համար»,- ասել է Շահան Կանդախարյանը: