8 հունիսի 2009 - 17:44 AMT
Լիբանանի խորհրդարան է ընտրվել ազգությամբ հայ 6 պատգամավոր
Հունիսի 7-ին Լիբանանում կայացել են խորհրդարանական ընտրություններ: Ինչպես PanARMENIAN.Net-ի թղթակցին հաղորդել է Բեյրութի «Ազդակ» հայկական թերթի խմբագիր Շահան Կանդահարյանը, Լիբանանի նոր խորհրդարան է ընտրվել ազգությամբ հայ 6 պատգամավոր, որոնք ներկայացնում են բոլոր երեք հայկական ավանդական կուսակցությունները: «Չնայած, որ այդ կուսակցություններն առանձին են գործում, կարելի է վստահորեն ասել, որ խորհրդարանում նրանք միասնական դիրքորոշումից կներկայացնեն հայկական համայնքի եւ Հայաստանի շահերը»,- ընդգծել է թերթի խմբագիրը: Գնահատելով երկրի ընդհանուր իրադրությունը` Շահան Կանդահարյանը նկատել է, որ ուժերի համամասնության առումով առանձնակի փոփոխություններ չեն դիտվում: «Ընդհանուր առմամբ, նկատվում է իշխանության եւ ընդդիմության միջեւ առկա լարվածությունից երկիրը դուրս հանելու միտում: Դա շատ կարեւոր հանգամանք է եւ ստեղծված իրադրությունից դուրս գալու համար իրական ճանապարհ կդառնա խորհրդարանում անկախ խմբակցությունների ստեղծումը»,- ընդգծել է Կանդահարյանը:
Լիբանանում իշխող կոալիցիան պահպանել է խորհրդարանական մեծամասնությունը: Ժողովրդավարական արեւմտամետ կոալիցիան Սաադ Խարիրիի գլխավորությամբ ստացել է 70 մանդատ, ընդդիմությունը` 58, ինչը գրեթե համապատասխանում է նախընտրական դրությանը:
Սաադ Խարիրին հաղթանակի առթիվ շնորհավորել է իր ընտրողներին եւ խոստացել շարունակել բարեփոխումներն եւ բարեկարգումները: Շիական «Հեզբոլլահ» խմբավորման ղեկավարներից մեկն իր հերթին արդեն ճանաչել է ընդդիմական ալյանսի պարտությունը, որի մեջ, բացի «Հեզբոլլահից», մտնում է գեներալ Միշել Աունի «Ազատ հայրենասիրական շարժումը»: Բայց եւ այնպես, նրան հաջողվեց տեղական գերակայության հասնել լեռնային Լիբանանի քրիստոնեական շրջաններում: