9 հունիսի 2009 - 17:03 AMT
Կայացել է Ֆիլիպ Գորդոնի առաջին արտասահմանյան այցը Հայաստան
Հունիսի 9-ին Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց աշխատանքային այցով Երեւանում գտնվող ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Ֆիլիպ Գորդոնին: Ողջունելով հյուրին` Հայաստանի արտգործնախարարն ասաց, որ Հայաստանը, կարեւորելով Միացյալ Նահանգների հետ հարաբերությունների առավել ամրապնդումը, հետամուտ է լինելու ԱՄՆ հետ բարեկամական գործընկերության զարգացմանն ու խորացմանը:

Պետքարտուղարի տեղակալ Գորդոնն իր հերթին նշեց, որ ամերիկյան կողմը կարեւորում է Հայաստանի հետ բազմաբովադնակ համագործակցության ընդլայնումը, եւ դրա վկայությունն է այն փաստը, որ պետքարտուղարի տեղակալի պաշտոնում նշանակվելուց հետո իր առաջին արտասահմանյան ուղեւորությունը սկսվում է Հայաստանից:

Նախարար Նալբանդյանը եւ պետքարտուղարի տեղակալ Գորդոնը հանգամանալից զրույց ունեցան հայ-ամերիկյան հարաբերությունների հետագա զարգացման շուրջ, կարեւորվեցին Տնտեսական հարցերով հայ-ամերիկյան միջկառավարական հանձնաժողովի շրջանակներում իրականացվող աշխատանքները: Անդրադարձ կատարվեց Հազարամյակի մարտահրավեր ծրագրի հետ կապված հարցերին:

Անդրադարձ կատարվեց Հայաստանում իրականացվող բարեփոխումների ընթացքին: Նախարար Նալբանդյանը ներկայացրեց Հայաստանի իշխանությունների ձեռնարկած քայլերը` ժողովրդավարական բարեփոխումների իրագործման ուղղությամբ: ԱՄՆ պետքարտուղարի տեղակալը վերահասատեց հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման ուղղությամբ ձեռնարկվող քայլերին ԱՄՆ վարչակազմի ամբողջական աջակցությունը:

Զրուցակիցները մտքեր փոխանակեցին արցախյան հիմնախնդրի կարգավորման վերաբերյալ: Այս ենթատեքստում Ֆիլիպ Գորդոնը ընդգծեց, որ ԱՄՆ` որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ շարունակելու է ակտիվորեն նպաստել հիմնախնդրի հանգուցալուծման ջանքերին: