11 հունիսի 2009 - 00:02 AMT
ՀՀ-ում Հնդկաստանի դեսպանը ջերմ հիշողություններ կտանի իր հետ Հայաստանի մասին
Հայաստանի Հանրապետությունում իր դիվանագիտական առաքելության ավարտի կապակցությամբ, ՀՀ սփյուռքի նախարարություն այցելեց ՀՀ-ում Հնդկաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան տիկին Րինա Պանդեյը: Նախարար Հրանուշ Հակոբյանի հետ ունեցած ջերմ զրույցի ընթացքում, դեսպանն ընդգծեց աշխարհասփյուռ հայության եւ նրա Հայրենիքի` Հայաստանի հանրապետության բնականոն հարաբերությունների զարգացման համար Սփյուռքի նախարարության նախաձեռնած ծրագրերի կարեւոր նշանակությունը: Նա նշեց, որ նման նախարարություն գործում է նաեւ Հնդկաստանում եւ պետք է երկու նախարարությունների միջեւ համագործակցություն սկսել:

Տիկին Հակոբյանը նախ շնորհակալություն հայտնեց Հնդկաստանի դեսպանին` ՀՀ սփյուռքի նախարարություն այցի, Հայաստան-Սփյուռք գործակցության զարգացման խնդիրների նկատմամբ ցուցաբերած հետաքրքրության համար: Այնուհետեւ նախարարը հակիրճ ներկայացրեց Սփյուռքի նախարարության նախաձեռնած եւ արդեն իրականացված ծրագրերի դրական արդյունքները, մասնավորապես Հայրենիքում համահայկական համաժողովների անցկացման գաղափարի իրագործումը, որն արդեն ստացել է իր պատշաճ գնահատականը` նախեւառաջ Հայաստան-Սփյուռք փոխշահավետ գործակցության տեսանկյունից:

Հայաստանի Հանրապետությունում Հնդկաստանի դեսպանն ասաց, որ Հայաստանում աշխատած տարիների ընթացքում հասցրել է ճանաչել Հայաստանը, մոտիկից ծանոթանալ հայերի գեղեցիկ ավանդույթներին, նրա հերոսական պատմության դրվագներին եւ, որ աշխարհի այլ երկրներում եւս իր դիվանագիտական առաքելությունն իրականացնելիս, երբեք չի մոռանա Հայաստանն ու հայ ժողովրդին, հաղորդում է ՀՀ սփյուռքի նախարարության մամլո ծառայությունը: