11 հունիսի 2009 - 21:20 AMT
Հայերն աշխարհի առաջին ազգերից մեկն են, որը ռազմական նպատակներով ձիերի բազմացմամբ է սկսել զբաղվել
Հայերն աշխարհի առաջին ազգերից մեկն են, որը ռազմական նպատակներով ձիերի բազմացմամբ է սկսել զբաղվել. ապացույցները գտնվել են Շենգավիթի եւ Նոր Նավեր գյուղի տարածքում (Հայաստան) կատարված հնագիտական պեղումների արդյունքում:

Այդ մասին այսօր` հունիսի 11-ին, մամլո ասուլիսին հայտնել է պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոնի տնօրեն Հակոբ Սիմոնյանը:

2002-ից կատարվող պեղումների ընթացքում հնագետներին հաջողվել է պեղել յոթ թամբարաններ, որտեղ գտնվել են ձիերի ոսկորներ եւ պատկերներ: Հնագիտական գտածոները թվագրվում են մ.թ.ա 25-20-րդ դարերով, այսինքն այն շրջանով, երբ Հայաստանում արդեն հաստատվել էր պետականությունը:

«Հավաքված տեղեկատվության հիման վրա մենք գտանք ոչ միայն այն բանի ապացույցները, որ հայերը առաջիններից են սկսել զբաղվել ձիաբուծությամբ, այլեւ նրանց շնորհիվ են աշխարհ եկել մի քանի նոր տեսակներ»,- ասել է Հակոբ Սիմոնյանը:

Անցյալ տարիր «Հնագույն քաղաքակրթությունների եւ վաղ պետականության առաջացումը Հայաստանում» ծրագրի շրջանակներում Հայաստանի Մշակույթի նախարարությունը 31 միլիոն դրամ է հատկացրել; գումարի մեկ երրորդը կծախսվի Հայաստանի Հանրապետության տարածքում պեղումների շարունակման համար: