5 նոյեմբերի 2025 - 14:12 AMT
Շոյգու․ Հարավային Կովկասում պետք է վերագործարկել «3+3» ձևաչափը

Ռուսաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուն հայտարարել է, որ Հարավային Կովկասում անհրաժեշտ է վերականգնել «3+3» ձևաչափով աշխատանքը։ Նա այդ մասին ասել է ԱՊՀ երկրների անվտանգության խորհուրդների քարտուղարների նիստում։

Նա նշել է, որ տարածաշրջանում տրանսպորտային հաղորդուղիների բացումն ունի հիմնարար նշանակություն, հայտնում է APA-ն։

Շոյգուն նաև ընդգծել է, որ ընդհանուր առմամբ տարածաշրջանում նկատվում է իրավիճակի դրական փոփոխություն։

«3+3» ձևաչափով (Հայաստան, Ադրբեջան, Վրաստան, Ռուսաստան, Իրան և Թուրքիա) հանդիպումներին չի մասնակցում Վրաստանը, սակայն մշտապես հայտարարվում է, որ Թբիլիսիի համար դուռը բաց է։