13 հունիսի 2009 - 11:44 AMT
Իրան-Հայաստան երկաթուղու կառուցման գծով աշխատանքային խմբի առաջին նիստը տեղի կունենա հունիսի վերջին
Իրան-Հայաստան երկաթուղու կառուցման գծով աշխատանքային խումբն այս ամսվա վերջին կգումարի իր առաջին նիստը, ասվում է Հայաստանի կառավարության մամլո ծառայության հաղորդագրության մեջ: Այդ մասին հայտարարել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ նախագահ Վլադիմիր Յակունինի հետ հանդիպմանը:
Վարչապետ Տիգրան Սարգսյանը նշել է, որ Հայաստանն առաջնահերթ նշանակություն է տալիս Հայաստան-Իրան երկաթուղու շինարարությանը: Նախագծի մանրամասն ուսումնասիրման նպատակով Հայաստանի, Ռուսաստանի եւ Իրանի համապատասխան գերատեսչությունների մասնակցությամբ ստեղծվել է աշխատանքային խումբ, որն այս ամսվա վերջին կգումարի իր առաջին նիստը եւ կքննարկի ինչպես ծրագրի ֆինանսավորման, այնպես էլ շահագրգռված երկրների մասնակցության հարցերը:
Տիգրան Սարգսյանը եւ Վլադիմիր Յակունինը բարձր են գնահատել տրանսպորտի դերը երկու երկրների ռազմավարական հարաբերությունների հետագա ամրապնդման գործում եւ պայմանավորվել այսուհետեւ եւս ուշադրության կենտրոնում պահել Հայաստանի երկաթուղու զարգացման խնդիրները: