
Արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը Բրյուսելում մասնակցել է ԵՄ անդամ պետությունների արտաքին գործերի նախարարների խորհրդի ձևաչափով հանդիպմանը, որի ընթացքում հանդես է եկել հայտարարությամբ՝ անդրադառնալով Հայաստան-Եվրոպական միություն համագործակցության ընթացիկ զարգացումներին։
Իր ելույթում նա կարևորել է առաջընթացը վիզաների ազատականացման հարցում, հայտնում է ԱԳՆ–ն։
«Ուրախ եմ վերադառնալ Բրյուսել. ընդամենը երկու շաբաթ է անցել շատ հաջողված Հայաստան-ԵՄ գործընկերության խորհրդից, որի ընթացքում մենք ընդունեցինք Հայաստան-ԵՄ գործընկերության ռազմավարական օրակարգը՝ դրանով բարձրացնելով մեր հարաբերությունները նոր մակարդակի։
Այսօր՝ Արտաքին գործերի խորհրդի ձևաչափով, որը նախագահում էր բարձր ներկայացուցիչ Կայա Կալասը, անդամ պետությունների հետ միասին, մենք քննարկեցինք Հայաստան-ԵՄ գործընկերության բոլոր հիմնական ձեռքբերումները՝ տնտեսությունից և ավելի ամուր դիմակայունությունից մինչև անվտանգության հետ կապված հարցեր՝ ներառյալ հիբրիդային սպառնալիքները, և Եվրոպական խաղաղության գործիքի ներքո տրամադրվող աջակցությունը։ Մենք անդրադարձանք բոլոր այն թեմաներին, որոնք ներկայումս շատ կարևոր են Հայաստանի և Եվրոպական միության միջև հարաբերություններում։
Մենք նաև գնահատեցինք վիզաների ազատականացման գործընթացում առաջընթացը. թեմա, որը շատ կարևոր է Հայաստանի Հանրապետության քաղաքացիների համար և Հայաստանը Եվրոպական միությանն ավելի մոտեցնելու տեսանկյունից։
Իհարկե, կա նաև ավելի մեծ պատկերը՝ տարածաշրջանային զարգացումները, Հարավային Կովկասի երկրների միջև հաղորդակցությունների բացումը և ընձեռվող հնարավորությունները։ Մենք քննարկեցինք և կողջունենք ԵՄ-ի հնարավոր ներգրավվածությունը ենթակառուցվածքային նախագծերում»,– ընդգծել է Միրզոյանը։
Ավելի վաղ ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ, Եվրահանձնաժողովի փոխնախագահ Կայա Կալասն ասել էր, որ Հայաստանը դիմել է ԵՄ-ին՝ ընտրական գործընթացներում արտաքին միջամտությունից պաշտպանվելու նպատակով աջակցություն ստանալու համար։