
ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը և Լյուքսեմբուրգի փոխվարչապետ Քսավյե Բետելը ստորագրել են ՀՀ և Լյուքսեմբուրգի Մեծ Դքսության միջև ռազմավարական գործընկերության մասին համատեղ հռչակագիրը, հայտնում է ԱԳՆ–ն։
Ռազմավարական գործընկերության հաստատմամբ Հայաստանի Հանրապետությունը և Լյուքսեմբուրգի Մեծ Դքսությունը վերահաստատել են իրենց վճռականությունը խորացնելու հարաբերությունները քաղաքականության, տնտեսության, պաշտպանության, անվտանգության, արդարադատության, մշակույթի, կրթության, շրջակա միջավայրի ոլորտներում, ինչպես նաև ուսումնասիրելու դրանց ընդլայնման հնարավորությունները նոր ոլորտներում։
Հայաստանը և Լյուքսեմբուրգը վերահաստատել են իրենց գործընկերության հիմքում ընկած հիմնարար արժեքները, ներառյալ՝ ժողովրդավարության և իրավունքի գերակայության ամրապնդման հանձնառությունը, մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանությունն, ինչպես նաև բազմակողմանիության և կանոնների վրա հիմնված միջազգային կարգի խթանումը:
Երկու երկրները վերահաստատել են ՀՀ ձգտումը՝ ամրապնդելու իր քաղաքական, տնտեսական, անվտանգային, մշակութային և սոցիալական կապերը Եվրոպական միության և ժողովրդավարական պետությունների ավելի լայն համայնքի հետ:
«Ընդգծելով Հայաստան-ԵՄ գործընկերության խորացման կարևորությունը՝ Հայաստանը և Լյուքսեմբուրգը կխթանեն երկկողմ թեմատիկ կանոնավոր խորհրդակցությունների հաստատումը՝ կենտրոնանալով ԵՄ չափանիշներին Հայաստանի մոտարկմանն ուղղված աջակցության, ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի («CEPA») և ՀՀ-ԵՄ գործընկերության ռազմավարական օրակարգի լիարժեք և արդյունավետ իրականացման առաջմղման, ինքնիշխանության և դիմակայունության բարձրացման, ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդման և մարդու իրավունքների ու հիմնարար ազատությունների պաշտպանության վրա:
Հայաստանը և Լյուքսեմբուրգը վերահաստատում են իրենց հանձնառությունն՝ ըստ հնարավորության զարգացնելու և ընդլայնելու տնտեսական և առևտրային հարաբերություններն՝ առաջնահերթություն տալով փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներին: Ճանաչելով Հայաստանի՝ որպես դեպի ծով ելք չունեցող՝ համաշխարհային առևտրային շուկաների սահմանափակ հասանելիությամբ երկրի առջև ծառացած բազմակողմանի մարտահրավերները՝ կողմերը կընդլայնեն համագործակցությունը տարածաշրջանային և միջազգային առևտրի և տրանսպորտային կապակցվածության խթանման համար՝ այդ թվում միմյանց նախագծերին աջակցելու միջոցով, ինչպիսին է Հայաստանի «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը»,–ասվում է փաստաթղթում։
Միրզոյանն ու Բետելը տեղի ունեցած զրույցում վերահաստատել են Հայաստանի և Լյուքսեմբուրգի միջև առկա քաղաքական երկխոսության բարձր մակարդակն՝ ընդգծելով, որ այն զարգանում է փոխադարձ վստահության, ընդհանուր արժեքների և շահերի հիման վրա։