19 դեկտեմբերի 2025 - 15:16 AMT
Սվաջյան․ Երեխաների սակավ շարժունությունն ամենամեծ խնդիրներից է

ԿԶՆԱԿ հիմնադրամի «Դպրոցական սնունդ և երեխաների բարեկեցություն» հիմնարկը նոյեմբեր-դեկտեմբերին իրականացրել է մասնագիտական աշխատաժողովների շարք՝ միտված «Առողջ ապրելակերպ» առարկայի «Սնուցում և ֆիզիկական ակտիվություն» բաժնի դասավանդման արդյունավետության բարձրացմանը, հայտնում է ԿԳՄՍՆ–ն։

Շարքի եզրափակիչ աշխատաժողովն անցկացվել է Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի «Հերացի» ավագ դպրոցում։ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանն իր խոսքում շեշտել է առողջ ապրելակերպի կարևորությունը ֆորմալ կրթական համակարգում՝ հիշեցնելով, որ «Առողջ ապրելակերպ» խմբակը ներառվել է որպես պարտադիր ուսուցում հանրակրթության չափորոշչով։

«Շատ կարևոր է, որպեսզի մեր երեխաները բավարար պայմաններ ունենան դպրոցներում ֆիզիկական զարգացմանը նպաստող գործունեությամբ զբաղվելու համար: Ներկայում ամենամեծ մարտահրավերներից մեկը երեխաների սակավ շարժունությունն է. դա պայմանավորված է գործունեության ձևերի փոփոխությամբ, բակային խաղերի նվազմամբ և դրանց փոխարեն ՏՏ խաղերին տրամադրվող ավելի մեծ ժամանակով: Այս բոլոր գործոնները հաշվի առնելով՝ անհրաժեշտ է երեխաների շրջանում ճիշտ գաղափարներ ձևավորել ֆիզիկական ակտիվության և առողջ սնվելու վերաբերյալ»։

Նա հավելել է, որ մարզային դպրոցներում արդեն դրական տեղաշարժեր են արձանագրվել՝ «Դպրոցական սնունդ» ծրագրի միջոցով։

«Շրջայցերի ընթացքում մարզային դպրոցների տարրական դասարանների երեխաները, որոնք «Դպրոցական տաք սնունդ» ծրագրից են օգտվում, նախորդ տարիներին սննդի ժամին որոշ աղցաններ և ապուրներ ուտելուց հրաժարվում էին: Այս տարի արդեն պատկերը փոխվել է. ծնողներից էլ ունենք հետադարձ կապ, որ երեխաների սննդակարգն ընդլայնվել է, և նրանք սկսել են ավելի շատ մրգեր, բանջարեղեն, առողջ սնունդ ուտել: Ուրախ եմ, որ ծրագրի ազդեցությունն արդեն իսկ նկատելի է: Առաջիկա ժամանակահատվածում կլուծվի նաև միջին և ավագ դասարանների աշակերտների առողջ սնվելու հարցը՝ դպրոցական բուֆետների աշխատանքի կանոնակարգմամբ»,-ասել է նա։

Նրա խոսքով՝ մարզերում արձանագրված հաջող փորձը հիմք է հանդիսացել ծրագրի աստիճանական ներդրման համար նաև մայրաքաղաքում։ Նախատեսվում է նախ կիրառել փորձնական տարբերակ, որի արդյունքներից հետո Երևանում գործող բոլոր դպրոցների տարրական դասարանները կհամալրվեն ծրագրում՝ ապահովելով երեխաներին տաք սնունդով։

ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի հայաստանյան գրասենյակի փոխտնօրեն Օսկար Էքդալը նույնպես հայտարարել է ծրագիրը մայրաքաղաքում ներդնելու առաջիկա պլանների մասին՝ նշելով, որ հաջորդ տարում նախատեսվում է ընդգրկել ավելի քան 50000 աշակերտ։

«Առողջ ապրելակերպ» ծրագիրը նպաստելու է, որ երեխաները ստանան առողջ սնունդ, ձևավորեն առողջ սովորություններ և վարեն ճիշտ ապրելակերպ։ Այս ամենը հնարավոր չէր լինի՝ առանց ԿԳՄՍ նախարարության հետ սերտ համագործակցության և պետության աջակցության», – ընդգծել է նա։

«Դպրոցական սնունդ և երեխաների բարեկեցություն» հիմնարկի տնօրեն Սաթենիկ Մկրտչյանը փաստել է, որ ԿԳՄՍ նախարարության և ՄԱԿ-ի ՊՀԾ-ի համագործակցության արդյունքում «Առողջ ապրելակերպ» խմբակի «Սնուցում և ֆիզիկական ակտիվություն» բաղադրիչը վերամշակվել է՝ դառնալով առավել ամբողջական։

Եզրափակիչ հանդիպման ընթացքում հանդես են եկել ոլորտի մասնագետները՝ մասնակցելով տեսական և գործնական քննարկումներին։ «Առողջ ապրելակերպ» առարկայի ուսուցիչները կիսվել են հաջողված մոտեցումներով՝ ներկայացնելով դասավանդման սեփական փորձը։