19 դեկտեմբերի 2025 - 16:05 AMT
Աբրահամ, Գևորգ, Վազգեն սրբազաններն այլևս Գերագույն Հոգևոր խորհրդի անդամներ չեն

Գերագույն Հոգևոր խորհրդի (ԳՀԽ) կազմից դուրս են մնացել Աբրահամ սրբազանը (Վայոց ձորի թեմ), Գևորգ սրբազանը (Մասյացոտնի թեմ) և Վազգեն սրբազանը (Մերձբալթյան երկրների թեմ)։ Այդ մասին լրագրողներին է հայտնել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տեղեկատվական համակարգի ղեկավար Տեր Եսայի քահանա Արթենյանը։

Նա մանրամասնել է, որ Գերագույն հոգևոր խորհրդի հոգևորական անդամներն ընտրվում կամ նշանակվում են կապված աշխարհամասից, տվյալ թեմի առաջնորդ լինելու հանգամանքից, ընտրվում են՝ ըստ կարևորության թեմերի առաջնորդները, հայտնում է Panorama.am-ը։

«Եթե նախկինում Վիրահայոց թեմի առաջնորդը Վազգեն Սրբազանն էր և այդ կարգավիճակով ինքը Գերագույն հոգևոր խորհրդի անդամ էր, հիմա իրեն փոխարինել է Կիրակոս սրբազանը։ Ինքնաբերաբար իրավունքի ուժով թեմի հաջորդ առաջանորդը Գերագույն հոգևոր խորհրդում նախկին առաջնորդի տեղն է զբաղեցնում, ինչպես եղավ Ֆրանսիայի հայոց թեմի, Ամերիկայի Արևելյան և Արևմտյան հայոց թեմերի պարագայում»,- ասել է Տեր Եսային։

Նախօրեին Մայր Աթոռից հայտնել էին, որ Գերագույն հոգևոր խորհրդի կազմի մեջ փոփոխություններ են տեղ գտել պայմանավորված եկեղեցական անդամների առաջնորդական հանգամանքի փոփոխությամբ։

«Նկատի ունենալով, որ 2017 թվականից հետո Եկեղեցական-ներկայացուցչական ժողով հնարավոր չի եղել գումարել օբյեկտիվ պատճառներով, Վեհափառ Հայրապետը ԳՀԽ կանոնադրության 7-րդ հոդվածի համաձայն կատարել է ԳՀԽ կազմի անդամների փոփոխություն։ ԳՀԽ կազմի մեջ փոփոխություններ են տեղ գտել պայմանավորված եկեղեցական անդամների առաջնորդական հանգամանքի փոփոխությամբ, երբ ընկալյալ կարգով թեմակալ նոր առաջնորդները իրավունքի ուժով փոխարինել են իրենց նախորդներին, ինչպես ԱՄՆ Հայոց Արևելյան թեմի, Ֆրանսիայի հայոց թեմի, Արցախի թեմի, այդպես էլ Վիրահայոց թեմի պարագայում։ Փոփոխություններ տեղի են ունեցել նաև՝ նկատի ունենալով որոշ անդամների հաճախակի բացակայությունները, առողջական խնդիրները և ԳՀԽ անդամ բարձրաստիճան եկեղեցականների ազատազրկված լինելու հանգամանքը»,-ասվում էր հաղորդագրության մեջ։