24 դեկտեմբերի 2025 - 12:57 AMT
Ձերբակալվել է ՊԵԿ նախկին փոխնախագահը

Հայաստանի հակակոռուպցիոն կոմիտեում պետական եկամուտների կոմիտեի նախկին նախագահ Վարդան Հարությունյանի վերաբերյալ քննվող քրեական վարույթի շրջանակում ձերբակալվել է ՊԵԿ նախկին փոխնախագահ Վախթանգ Միրումյանը։

Հակակոռուպցիոն կոմիտեից հայտնել են, որ ՀՀ ՊԵԿ նախկին բարձրաստիճան պաշտոնատար անձի վերաբերյալ կոմիտեում քննվող քրեական վարույթի շրջանակում պաշտոնեական լիազորությունները չարաշահելու մեղադրանքով ձերբակալվել է ՊԵԿ ևս մեկ նախկին բարձրաստիճան պաշտոնյա, տեղեկացնում է Արմենպրեսը։

«Նախաքննության շահերից ելնելով՝ այս պահին այլ մանրամասներ չենք կարող հայտնել»,- ասել են ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեից։

Վախթանգ Միրումյանը ՊԵԿ փոխնախագահի պաշտոնը զբաղեցրել է 2016 թվականի մարտից մինչև 2018 թվականի մայիսը։

2025 թվականի օգոստոսի 8-ին, ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեից հայտնել էին, որ ձեռնարկատիրական գործունեությանն ապօրինի մասնակցելու, հակամրցակցային գործունեության և փողերի լվացման մեղադրանքներով ձերբակալվել է Պետական եկամուտների կոմիտեի նախկին նախագահ Վարդան Հարությունյանը։ Մամուլում շրջանառված տեղեկությունների համաձայն՝ Վարդան Հարությունյանը ձերբակալվել է «Նորֆոլկ» ընկերությանը առնչվող քրեական վարույթի շրջանակում։