
Հանրային հեռուստաընկերությունը հրապարակել է Ամանորի ծրագիրը, որտեղ ընդգրկված չէ կաթողիկոսի ուղերձը: Ըստ Հանրայինի կայքում տեղադրված դեկտեմբերի 31–ի եթերացանկի՝ ժամը 22-ի հատվածում ուղերձներ են հղելու նախագահն ու խորհրդարանի խոսնակը, իսկ տարեմուտին՝ 23:40-ին նախատեսված է միայն վարչապետի ուղերձի հեռարձակումը, հայտնում է «Ազատությունը»։
Նախորդ երկու տարիներին Հանրային հեռուստաընկերությունը հրաժարվել էր կաթողիկոսի ուղերձը տարեմուտին՝ երկրի ղեկավարի շնորհավորանքից առաջ հեռարձակելու երկարամյա ավանդույթից: Մայր Աթոռին առաջարկվել էր Վեհափառի խոսքը եթեր հեռարձակել ժամը 22-ի հատվածում, Էջմիածինը մերժել էր այս առաջարկը:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպած և Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ–ին հանգստի կոչելու պահանջով հավաքվելու կոչ արած 10 եպիսկոպոսները դեկտեմբերի 18–ին Էջմիածնում հանդես են եկել հայտարարությամբ և արագ հեռացել։ Միևնույն ժամանակ Մայր Տաճարի ներսում ընթանում էր ժամերգությունը՝ Ամենայն Հայոց կաթողիկոսի մասնակցությամբ։
«Սուրբ Էջմիածնի առջև ոտնձգության հերթական փորձը կատարվեց այսօր, ցավոք, նաև մեր որոշ եկեղեցականների միջոցով, սակայն հավատավոր մեր ժողովրդի զավակները մնում են աներեր ու աներկյուղ։ Այս աղմուկը, որ բարձրացվում է եկեղեցում երբեք չի կարող խաթարել մեր առաքելությունը, մեր ծրագրերը, որոնք կոչված են մեր երեկեղեցու պայծառության և մեր երկրի շինությանը»,–ասել է Գարեգին Բ–ն։