
Ազգային ժողովի նախկին պատգամավոր, «Վերածնվող Հայաստան» կուսակցության նախագահ Վահե Հակոբյանը, նրա կինը՝ PARA TV լրատվամիջոցի ղեկավար Էլիզաբեթ Պետրոսյանը, դուստրը և ընտանիքի այլ անդամներ հրավիրվել են ՀՀ գլխավոր դատախազություն։
«Ազդարար» կայքում հրապարակված ծանուցման համաձայն՝ «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վարույթի վերաբերյալ» իրականացվել է ուսումնասիրություն, որի շրջանակում դիտարկվել է նրանց պատկանող գույքը։ Ուսումնասիրության արդյունքներով կազմվել է ամփոփագիր։
Ծանուցման մեջ նշվում է, որ «անձինք իրավունք ունեն ծանուցագիրը ստանալուց հետո մեկ ամսվա ընթացքում ներկայանալ ՀՀ գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչություն՝ (ք. Երևան, Տիգրան Մեծ պողոտա, 50-րդ շենք)՝ ծանոթանալու գործի նյութերին, ներկայացնելու դիրքորոշում և հայտարարագիր։ Միաժամանակ արձանագրված է, որ ներկայանալ անհրաժեշտ է 2025 թվականի դեկտեմբերի 27-ին՝ ժամը 12:00-ին»։