17 հունիսի 2009 - 16:33 AMT
ՏՐԱՍԵԿԱ -ի երկրները համաձայնագիր են կնքել Մուլտիմոդալ տրանսպորտի զարգացման մասին
ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարար Գուրգեն Սարգսյանը` ՀՀ կառավարության անունից, Իսիկ-Կուլում (Ղրղզստան) հունիսի 15-16-ը կայացած ՏՐԱՍԵԿԱ միջկառավարական հանձնաժողովի տարեկան նիստում ստորագրել է ՏՐԱՍԵԿԱ Մուլտիմոդալ տրանսպորտի զարգացման մասին համաձայնագիր: Այդ մասին հաղորդում է տրանսպորտի նախարարության մամլո ծառայությունը:

Հաղորդագրության մեջ ասվում է, որ Ադրբեջանը համաձայնագիրը ստորագրել է վերապահումներով:

Համաձայնագիրը կարգավորում է տրանսպորտային կազմակերպությունների, մուլտիմոդալ տրանսպորտային օպերատորների, բեռնառաքողների, բեռը ստացողների, այլ ֆիզիկական եւ իրավաբանական անձանց միջեւ հարաբերությունները, որոնք մուլտիմոդալ ծառայություններ իրականացնելիս հանդես են գալիս բեռի տիրոջ անունից, ինչպես նաեւ սահմանում է իրավունքներ, պարտականություններ եւ պատասխանատվություն` տրանսպորտային գործողությունների յուրաքանչյուր մասնակցի համար: Ի դեպ, մուլտիմոդալ տրանսպորտը դա առնվազն երկու տարբեր տրանսպորտային ձեւերի մասնակցությամբ բեռնափոխադրումների իրականացումն է:

ՏՐԱՍԵԿԱ միջկառավարական հանձնաժողովի նիստում հանձնաժողովի մշտական քարտուղարության գլխավոր քարտուղար է ընտրվել Ղրղզստանի ներկայացուցիչը` Ղրղզստանի տրանսպորտի նախկին նախարար Ժանտորո Սատիբալդիեւը:
ՏՐԱՍԵԿԱ -ի մասնակից անդամներ են Հայաստանը, Բուլղարիան, Վրաստանը, Ադրբեջանը, Ղազախստանը, Ղրղզստանը, Մոլդովան, ռումինիան, Տաջիկստանը, Թուրքմենստանը, Թուրքիան ու Ուկրաինան: