
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վլադիմիր Վարդանյանն Ազգային ժողովի նիստում ասել է, որ Հայաստանում դատավորների քանակը դեռ չի հասնում միջին եվրոպական չափանիշներին։
Նրա խոսքով՝ դատավորների թիվը, համեմատած եվրոպական համադրելի երկրների դատավորների թվաքանակի հետ, դեռ մնում է ցածր, այն էլ այն պարագայում, երբ վերջին 7-8 տարիների ընթացքում մոտավորապես 30-40 տոկոսով ընդլայնել ենք դատավորների դատական կորպուսը, գրում է Auroranews.am-ը:
«Վարչական դատավարության մասով, խնդահարույց իրավիճակ է, քանի որ կան ակտեր, որոնք ուղղվում են միայն վարչական դատարան, և վերջինիս աշխատանքը ծանաբեռնվում է»,- ասել է Վարդանյանը։
Նա ընդգծել է, որ վարչական գործերի բարդությունը միշտ չէ, որ համեմատական է դրանց ֆինանսական արժեքի հետ, սակայն դատավորը պետք է յուրաքանչյուր գործի տրամադրի գրեթե նույնքան ժամանակ։
«Կարող են գործեր լինել, որոնց արժեքը 5000 դրամ է: Կան գործեր, որոնք մի քանի միլիարդ դրամ կարող են արժենալ: Բայց դատավարական ընթացակարգերի տեսանկյունից դատավորը գրեթե նույն ժամանակն է ծախսում այդ գործերը քննելու վրա»,- ասել է պատգամավորը։
Այդ համատեքստում Վարդանյանը հնարավոր լուծումներից մեկն է համարել զրո ատյանի վարչական դատարանի մոդելի ներդրումը՝ որպես առանձին կառույց, որը կկարողանա արագ ընթացակարգով վերանայել վարչական ակտերը՝ առանց դատական քաշքշոցի մեջ ներառվելու:
Ազգային ժողովում քննարկվում է կառավարության առաջարկած օրենսդրական փաթեթը, որը վերաբերում է փոփոխություններին վարչական և քաղաքացիական դատավարության օրենսգրքերում։
Ըստ առաջարկվող փոփոխությունների՝ վերաքննիչ բողոքների քննությունը վարչական գործերով կկատարվի գրավոր ընթացակարգով, բացառությամբ այն դեպքերի, երբ վերաքննիչ դատարանը՝ իր նախաձեռնությամբ կամ կողմի հիմնավորված միջնորդությամբ, կհամարի, որ անհրաժեշտ է անցկացնել դատական նիստ։