
Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հունվարի 29-ին Եվրոպական խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում անցկացված քննարկմանը ներկայացրել է վերջին շրջանում արձանագրված կարևոր փոփոխությունները՝ մասնավորապես Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղ գործընթացի առաջընթացը։
Անդրադառնալով Հայաստանի ժողովրդավարական բարեփոխումների հավակնոտ օրակարգին՝ Արարատ Միրզոյանը նշել է. «Ընտրությունը կայանում է ինքնիշխան ժողովրդավարության կամ հնազանդության տանող ավտորիտար ուղու միջև, և մենք արդեն կատարել ենք մեր ընտրությունը», հայտնում է ՀՀ ԱԳՆ-ն:
Հանգամանալից անդրադարձ է կատարվել տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակման ուղղությամբ ձեռք բերված պայմանավորվածությունների կյանքի կոչմանն, առկա ձեռքբերումներին: Ընդգծվել է տրանսպորտային ու տնտեսական փոխկապակցվածության ներառական ցանցի ապահովման կարևորությունը:
Նախարարը և եվրոպացի պատգամավորները կարծիքներ են փոխանակել ՀՀ-ԵՄ համագործակցության խորացման հնարավոր ուղիների շուրջ՝ նշելով, որ երկու կողմերն էլ պատրաստակամ են ռազմավարական գործընկերության օրակարգի գործնական իրագործման հարցում։
Միրզոյանը պատասխանել է պատգամավորների հարցերին, որոնք վերաբերում էին միջազգային ու տարածաշրջանային զարգացումներին, ինչպես նաև խառնածին սպառնալիքներին դիմակայելու ուղղությամբ ձեռնարկվող քայլերին։ Պատգամավորները բարձր են գնահատել Հայաստանի ներդրումը խաղաղության հաստատման և ժողովրդավարության առաջմղման գործընթացներում։
Հայաստանի արտաքին գործերի նախարարը երախտագիտություն է հայտնել Եվրոպական խորհրդարանին՝ կարևորագույն հարցերում Հայաստանի շահերին ցուցաբերած մշտական աջակցության համար։
Քննարկումը վարել է հանձնաժողովի նախագահ Դեյվիդ Մքալիսթերը։ Նիստին մասնակցել են հիմնական քաղաքական խմբակցությունների ներկայացուցիչներ՝ ներառյալ Հարավային Կովկասի երկրների հետ հարաբերությունների պատվիրակության ղեկավարը, «Եվրանեսթ» ԽՎ համանախագահը և Հայաստանի հարցերով զեկուցողը։