30 հունվարի 2026 - 17:25 AMT
Զինծառայողի բողոքով ՄԻՊ-ից այցելել են ՊՆ Երևանի կայազորային հոսպիտալ

2026 թվականի հունվարի 29-ին Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանի հանձնարարությամբ ՄԻՊ ներկայացուցիչները իրականացրել են արագ արձագանքման այց ՀՀ պաշտպանության նախարարության Երևանի կայազորային հոսպիտալ։

ՄԻՊ գրասենյակից հայտնել են, որ այցն իրականացվել է զինծառայողի ընտանիքի ներկայացուցչի կողմից ստացված բողոքի հիման վրա, որը վերաբերում էր զինծառայողի առողջական վիճակին և բժշկական օգնության կազմակերպմանը։

Այցի շրջանակում Պաշտպանի ներկայացուցիչները հանդիպել են հոսպիտալի ղեկավարությանը և բուժանձնակազմին։ Քննարկվել են իրականացվող բժշկական հետազոտությունների ընթացքը, տրամադրվող բուժօգնության որակը, ինչպես նաև զինծառայողի առողջական խնդիրների հիման վրա՝ նրա ծառայության պիտանիության գնահատման հետ կապված հարցեր։

Նրանք նաև առանձին զրույց են ունեցել զինծառայողի հետ, որի ընթացքում վերջինս բարձրաձայնել է հոգեբանական խորհրդատվության ստացման և առանձին պալատում տեղակայվելու անհրաժեշտության մասին։ Այցի արդյունքում, համագործակցելով հոսպիտալի հետ, արդեն իսկ ապահովվել է հոգեբանի խորհրդատվությունը և զինծառայողի տեղափոխումը առանձին պալատ։

Ներկայում շարունակվում են քայլեր ձեռնարկվել իրավական պաշտպանությանն առնչվող մնացած հարցերն արդյունավետ կերպով հասցեավորելու ուղղությամբ։

Զինծառայողին վերաբերող բողոքի քննարկումն ակտիվ ընթացքի մեջ է Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում։ Նրա առողջական վիճակն ու բժշկական օգնության հարցերն մնում են Պաշտպանի մշտական ուշադրության ներքո։

Զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների իրավունքների վերաբերյալ հարցերով Պաշտպանին կարելի է դիմել՝ զանգահարելով թեժ գծի 116 հեռախոսահամարով, իսկ ոչ աշխատանքային օրերին և ժամերին՝ 096-116-100 հեռախոսահամարով։ Պաշտպանին հնարավոր է դիմել նաև այցելությամբ՝ ք. Երևան, Պուշկին 56Ա հասցեով, ինչպես նաև էլեկտրոնային տարբերակով՝ ombuds@ombuds.am: