19 հունիսի 2009 - 17:00 AMT
Սիրիայի առաջին տիկինը ծանոթացել է «Հայաստան» հիմնադրամի կառուցվածքի, աշխատանքի սկզբունքի եւ փորձի հետ
Երեւանում տեղի է ունեցել Սիրիայի Արաբական Հանրապետության առաջին տիկին Ասմա Ալ-Ասադի եւ «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրեն Արա Վարդանյանի հանդիպումը: Հանդիպմանը մասնակցում էին նաեւ ՀՀ առաջին տիկին Ռիտա Սարգսյանը եւ ՀՀ արտաքին գործերի նախարարի տիկին Նատալիա Նալբանդյանը:
Հանդիպումը խորհրդատվական բնույթի էր. այն նպատակ ուներ, Սիրիայի առաջին տիկնոջ խնդրանքով, ներկայացնել հիմնադրամի կառուցվածքը, գործելակերպն ու լավագույն փորձառությունը: Խոսվեց նաեւ դրամահավաք միջոցառումների կազմակերպման եւ աշխատանքների համակարգման այն մեխանիզմների մասին: Հիմնադրամի առաքելության մասին պատմող ֆիլմի դիտումից հետո, Արա Վարդանյանը պատասխանեց առաջին տիկնոջ հարցերին:
Սիրիայի Արաբական Հանրապետության առաջին տիկինը նշեց, որ Սիրիայում այսօր բնակվում է շուրջ 18 միլիոն սիրիացի, եւս 15 միլիոնը սփռված է աշխարհով մեկ: Նրա խոսքով` հայրենակիցները պարբերաբար ցանկություն են հայտնում ներդրումներ անել իրենց երկրի տնտեսության մեջ. ահա այստեղ է, որ հիմնադրամի նման կառույցը կարող է իր դերակատարումն ունենալ Սիրիայում:
Հանդիպման ավարտին առաջին տիկինը ցանկություն հայտնեց Արա Վարդանյանին հյուրընկալել իր երկրում եւ ավելի մանրամասն ծանոթանալ «Հայաստան» համահայկական բարեգործական հիմնադրամի գործունեության առանձնահատկություններին: