9 փետրվարի 2026 - 13:06 AMT
Երևանում հավաք կանցկացվի՝ Վենսի ուշադրությունը հրավիրելու գերիների հարցին

Փետրվարի 9-ին ժամը 17:00-ին ՀՀ նախագահի նստավայրի դիմաց («Մարշալ Բաղրամյան» կայարանի հարևանությամբ), նախատեսվում է անցկացնել հանրահավաք՝ Բաքվում պահվող հայ գերիների ազատ արձակման պահանջով, հայտնում է Արցախի տեղեկատվական շտաբը։

«Հավաքը կազմակերպվում է ԱՄՆ փոխնախագահի Երևան կատարած այցի ընթացքում՝ ԱՄՆ և միջազգային հանրության ուշադրությունը ևս մեկ անգամ այդ կարևոր հարցին հրավիրելու նպատակով։

Մենք պարտավոր ենք հստակ և միասնական ուժով բարձրաձայնել, որ յուրաքանչյուր հայ գերի պետք է անհապաղ և անվերապահ ազատ արձակվի»,- ասվում է հայտարարության մեջ:

Ավելի վաղ հայտարարվել էր, որ հավաքը կայանալու է Հանրապետության հրապարակում, սակայն ավելի ուշ վայրը փոխվել է:

ԼՂՀ նախկին նախագահ Արայիկ Հարությունյանը դատապարտվել է ցմահ ազատազրկման: Ցմահ ազատազրկման են դատապարտվել նաև ՊԲ նախկին հրամանատար Լևոն Մնացականյանը և նախկին հրամանատարի առաջին տեղակալ Դավիթ Մանուկյանը, ինչպես նաև Արցախի Հանրապետության ԱԳ նախկին նախարար Դավիթ Բաբայանն ու ԱԺ նախագահ Դավիթ Իշխանյանը: Արցախի Հանրապետության նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանն ու Բակո Սահակյանը դատապարտվել են 20 տարվա ազատազրկման:

Մադաթ Բաբայանը և Մելիքսեթ Փաշայանը դատապարտվել են 19 տարվա ազատազրկման, Գարիկ Մարտիրոսյանը՝ 18, Դավիթ Ալահվերդյանը և Լևոն Բալայանը՝ 16, Էրիկ Ղազարյանը, Գուրգեն Ստեփանյանը, Վասիլ Բեգլարյանը՝ 15 տարվա ազատազրկման։