
Թուրքական «Yeşil Iğdır» թերթը գրել է, որ ակտիվացել են ՀՀ հետ սահմանին Ալիջանի (Մարգարա) անցակետի վերաբացմանն ուղղված նախապատրաստական աշխատանքները։ Ըստ աղբյուրի՝ այս անցակետը համարվում է երկու երկրների հարաբերությունների կարգավորման գործընթացում առանցքային նշանակություն ունեցող կամուրջներից մեկը, հայտնում է Radar Armenia-ն:
Իգդիրի նահանգապետ Մ. Ֆիրաթ Թաշոլարը վերահսկող այց է կատարել սահմանային հատված՝ ծանոթանալու վերակառուցման ու արդիականացման ընթացող աշխատանքներին, ինչպես նաև ստանալու վերջին տվյալները կատարվածի վերաբերյալ։
Թերթի փոխանցմամբ՝ նախապատրաստական աշխատանքներն արդեն մոտենում են ավարտին։
Նահանգապետ Թաշոլարը տեղում ծանոթացել է անցակետի շինությունների և մուտքային ուղիների վիճակին՝ շեշտելով, որ աշխատանքները նախատեսվում է կարճ ժամկետում ավարտել։
Թուրքական աղբյուրը հավելել է, որ այս գործընթացը նշանակալի ազդեցություն կարող է ունենալ տարածաշրջանի տնտեսության վրա։
Ըստ հրապարակման՝ սահմանային անցակետի վերագործարկման նպատակներն են՝ սահմանային առևտրի վերամեկնարկ՝ Իգդիրում և հարակից շրջաններում տնտեսական աշխուժության խթանում, լոգիստիկ առավելություններ՝ տրանսպորտային ուղիների կրճատում Կովկասի միջով, զբոսաշրջային հոսքի ակտիվացում՝ երկկողմ այցելությունների աճ և տարածաշրջանային զբոսաշրջության զարգացում։
Ալիջանի անցակետը փակ է քաղաքացիական երթևեկության համար սկսած 1993 թվականից, սակայն անցյալ տարի երկրաշարժից հետո ժամանակավորապես բացվել է մարդասիրական օգնություն տեղափոխելու նպատակով։