14 փետրվարի 2026 - 13:18 AMT
Բոչորիշվիլի. Բաքվի և Երևանի միջև կարգավորումը նոր հնարավորություններ է ստեղծում տարածաշրջանի համար

Վրաստանի արտաքին գործերի նախարար Մակա Բոչորիշվիլին հայտարարել է, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորումը տարածաշրջանի համար ստեղծում է նոր հնարավորություններ և նրան հաղորդում է նոր արդիականություն։ Այդ մասին նա ասել է Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակում անցկացված պանելային քննարկման ժամանակ։

Նրա խոսքով՝ Վրաստանը, լինելով կայուն պետություն, կառուցում է ռազմավարական հարաբերություններ իր բոլոր հարևանների հետ, գրում է APA-ն:

«Մենք ապրում ենք փոփոխությունների ժամանակաշրջանում, ինչը մեր տարածաշրջանն ավելի նշանակալի է դարձնում։ Վրաստանը հանդիսանում է Եվրոպայի և Ասիայի միջև կապող օղակ և կարևոր է Եվրոպական միության համար։ Տրանսպորտային փոխկապակցվածության հարցը ունի վճռորոշ նշանակություն։ Այս գործընթացում մենք աշխատում ենք մեր հարևանների՝ Ադրբեջանի և Թուրքիայի հետ համատեղ», — հավելել է նախարարը։

Օգոստոսի 8–ին Սպիտակ տանը կայացած ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպմանը ստորագրվել է համատեղ Հռչակագիր` Վաշինգտոնում տեղի ունեցած հանդիպման արդյունքների մասին:

Վաշինգտոնում Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը և Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը Հայաստանի, Ադրբեջանի և ԱՄՆ ղեկավարների ներկայությամբ նախաստորագրել են «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին» համաձայնագիրը։