
85 տարեկանում մահացել է ՀԽՍՀ ժողովրդական արտիստ, օպերային արվեստի նշանավոր ներկայացուցիչ Օլգա Գաբայանը։
ՀՀ վարչապետի որոշմամբ ստեղծվել է Օլգա Գաբայանի հուղարկավորության կազմակերպման կառավարական հանձնաժողով։
Գաբայանի հոգեհանգստի արարողությունը տեղի կունենա փետրվարի 27-ին՝ ժամը 18:00-20:00-ն, Սբ. Հովհաննես Մկրտիչ եկեղեցում, իսկ հուղարկավորությունը՝ փետրվարի 28-ին՝ ժամը 13:00-ին։
Օլգա Գաբայանը իր բացառիկ ձայնով, բարձրարվեստ կատարումներով և բեմական անկրկնելի ներկայությամբ նշանակալի ներդրում է ունեցել հայ օպերային արվեստի զարգացման գործում։ Նրա ստեղծագործական ուղին առանձնացել է նվիրումով, մասնագիտական բարձր վարպետությամբ և ազգային մշակույթի նկատմամբ խոր սիրով։ Տասնամյակներ շարունակ նա ոգեշնչել է հանդիսատեսին, կրթել արվեստագետների նոր սերունդ և արժանացել լայն հանրության հարգանքին ու սիրուն։
Օլգա Գաբայանը ծնվել է 1941 թվականի դեկտեմբերի 27-ին Երևանում։ 1966 թվականին ավարտել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի օպերային երգեցողության բաժինը։ 1966-1994 թվականներին աշխատել է Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում՝ որպես մեներգչուհի։ 1974 թվականին արժանացել է ՀԽՍՀ վաստակավոր արտիստի կոչման, իսկ 1984 թվականին՝ ՀԽՍՀ ժողովրդական արտիստի կոչման։ 1992 թվականից դասավանդել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում՝ երգեցողության մասնագիտությամբ։ 2013 թվականին ստացել է դոցենտի գիտական կոչում, 2015 թվականին՝ պրոֆեսորի։ 2016 թվականին պարգևատրվել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի մեդալով։
Օլգա Գաբայանը եղել է հայկական օպերային արվեստի կարևոր ներկայացուցիչներից մեկը, ով երկար տարիներ համադրել է բեմական գործունեությունն ու մանկավարժական աշխատանքը։
ԿԳՄՍ նախարարությունը խորին ցավակցություն է հայտնել ընտանիքին, հարազատներին, ընկերներին և նրա արվեստի բոլոր երկրպագուներին։