
«Միասնության թևերն» ու «Հայաքվեն» միասին կմասնակցեն ընտրություններին:
«Միասնության թևեր» քաղաքական նախաձեռնության ղեկավար Արման Թաթոյանն ու «ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորման համակարգող Ավետիք Չալաբյանը ստորագրել են համագործակցության հուշագիր՝ միավորելով իրենց ջանքերը Հայաստանի ապագայի շուրջ միասնական քաղաքական օրակարգ ձևավորելու նպատակով, ասվում է «Միասնության թևերի» ֆեյսբուքյան էջում։
«Հուշագրով կողմերը հայտարարեցին առաջիկա խորհրդարանական ընտրություններին «Միասնության թևեր» քաղաքական միավորի հիման վրա միասնական մասնակցության մասին»,-ասվում է գրառման մեջ:
Նույն տեղեկատվությունը հրապարակվել է նաև «Հայաքվեն»:
«Պատրաստակամ ենք մեկ ճակատով հանդես գալու առաջիկա համապետական ընտրություններում, հետևաբար` միավորում ենք մեր ջանքերը և հայտարարում «Միասնության թևեր» քաղաքական նախաձեռնության հետ երկարատև քաղաքական համագործակցություն հաստատելու և միասնաբար հանդես գալու մասին»,–նշված է հաղորդագրության մեջ։
ՀՀ-ում խորհրդարանական ընտրություններն անցկացվելու են 2026-ի հունիսի 7-ին: