4 մարտի 2026 - 16:13 AMT
ՍԱՏՄ-ն կասեցրել է «Կարասի» մասնաճյուղի աշխատանքը

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ «Կարաս» հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը կասեցվել է:

Տեսչական մարմնի Երևանի Կենտրոնի տեսուչները ստուգում են իրականացրել «ԱՄՏՋ» ՍՊ ընկերությանը պատկանող «Կարաս» հանրային սննդի օբյեկտում (ք․ Երևան, Գ․ Նժդեհի 34) և արձանագրել են սանիտարահիգիենիկ պահանջների խախտումներ։

Մասնավորապես՝

  • սննդի օբյեկտի պատերի մի հատվածը չի ունեցել հարթ մակերես և չի պատրաստվել անջրանցիկ ու չներծծող նյութերից,
  • առաստաղների որոշ հատվածներ չեն կառուցվել այնպես, որ կանխվի կամ նվազեցվի կեղտի կուտակումը, գոլորշու խտացումը և տարբեր մասնիկների թափվելու վտանգը,
  • սննդամթերքի հետ անմիջական շփման մեջ գտնվող աշխատանքային մակերևույթների մի մասը գտնվել է մաշված վիճակում, պատշաճ չի մաքրվել և ախտահանվել, ինչպես նաև չի պատրաստվել հարթ, հեշտ մաքրվող և քայքայամաշման (կոռոզիայի) չենթարկվող նյութերից։

Հայտնաբերված խախտումները վերացնելու համար սահմանվել է համապատասխան ժամկետ։