9 մարտի 2026 - 17:32 AMT
Թուրքիան F-16 կործանիչներ է տեղակայել Հյուսիսային Կիպրոսում

Թուրքիան հայտարարել է ինքնահռչակ Հյուսիսային Կիպրոսի թուրքական հանրապետությունում վեց F-16 կործանիչ և հակաօդային պաշտպանության (ՀՕՊ) համակարգեր տեղակայելու մասին։

«Մեր տարածաշրջանում վերջին զարգացումների լույսի ներքո Հյուսիսային Կիպրոսի թուրքական հանրապետության անվտանգության ամրապնդման փուլային մոտեցման շրջանակում այսօրվանից Հյուսիսային Կիպրոսում տեղակայվել է վեց F-16 կործանիչ և ՀՕՊ համակարգեր։ Կշարունակվեն լրացուցիչ միջոցառումներ ձեռնարկվել՝ հետագա զարգացումների հիման վրա, եթե անհրաժեշտ համարվի»,- հայտարարել է Թուրքիայի ազգային պաշտպանության նախարարությունը X-ում, գրում է Factor.am-ը:

Այս որոշումն ընդունվել է այն բանից հետո, երբ իրանական հրթիռներն ու անօդաչու սարքերը հարվածել են Կիպրոսին, մասնավորապես՝ Թագավորական ռազմաօդային ուժերի (RAF) Ակրոտիրիի ռազմաբազային։

Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Էսմայիլ Բաղային մամուլի ասուլիսի ընթացքում հայտարարել է, որ Իրանի զինված ուժերը չեն հարձակվել Ադրբեջանի, Թուրքիայի և Կիպրոսի վրա։

«Մեր երկրի պաշտպանությունը չպետք է որևէ կերպ դիտարկվի որպես թշնամանք տարածաշրջանի որևէ երկրի նկատմամբ։ Ադրբեջանի, Թուրքիայի և Կիպրոսի վերաբերյալ, Զինված ուժերի գլխավոր շտաբը հստակ և պաշտոնապես հայտարարեց, որ նման արկեր չեն արձակվել Իրանի ներսից կամ մեր զինված ուժերի կողմից»,- ասել է Բաղային։

Նա նաև հիշեցրել է, որ Իրանի նախագահը հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի նախագահի հետ։

«Երեկ երեկոյան մեր երկրի նախագահի և Ադրբեջանի նախագահի միջև տեղի ունեցավ լավ զրույց։ Բացատրվեց և ընդգծվեց, որ նման գործողությունն Իրանից չէ, և մենք հույս ունենք, որ Իրանի բարի կամքը և հարևանների նկատմամբ դրական մոտեցումը հաշվի կառնվի ցանկացած հայտարարության մեջ։ Միևնույն ժամանակ, մենք ընդգծում ենք, որ որտեղ էլ լինի իրանական ազգի դեմ ռազմական ագրեսիայի ծագումն ու աղբյուրը, մեր պատասխանն օրինական է»,- նշել է Բաղային։

Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը կիրակի օրը զանգահարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին և վստահեցրել, որ Թեհրանը կապ չունի Նախիջևանի ուղղությամբ իրականացված անօդաչու թռչող սարքերի հարվածների հետ։

Փետրվարի 28-ին Իսրայելն ու ԱՄՆ-ն օդային հարվածներ են հասցրել Իրանին, հարվածների հետևանքով սպանվել է Իրանի գերագույն հոգևոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին: Իրանը պատասխան կրակ է բացել Իսրայելի, ինչպես նաև Պարսից ծոցի երկրների ուղղությամբ, որտեղ տեղակայված են ԱՄՆ ռազմակայններ: