
Ավստրիայի մայրաքաղաք Վիեննայում կայանալիք «Եվրատեսիլ» երգի միջազգային մրցույթում Հայաստանը ներկայացնելու է Սիմոնը՝ Paloma Rumba երգով։ Այդ մասին մամուլի հաղորդագրությամբ, հայտնում է Հանրային հեռուստաընկերությունը:
«Paloma Rumba-ն էներգիայով լի և աշխույժ երգ է, որը նշանավորում է ազատությունը, շարժումը և կյանքի սեփական ռիթմին համընթաց քայլելու կարիքը: Այն նաև ընդգծում է Սիմոնի՝ որպես կատարողի խարիզման և «Եվրատեսիլի» բեմը խոստանում ողողել հարուստ և անմոռանալի հնչյուններով»,-ասվում է հաղորդագրության մեջ:
Հեռուստաընկերությունը հրապարակել է նաև երգի տեսահոլովակը:
Երգի երաժշտության հեղինակը Լիլիթ Նավասարդյանն է, որը Եվրատեսիլի երկրպագուներին արդեն հայտնի է մի շարք հեղինակային աշխատանքներով։ Paloma Rumba-ի բառերի համահեղինակներն են Ռոզա Լիննը, Դավիթ Ծառուկյանը և Էվա Ոսկանյանը, հայտնում է Արմենպրեսը:
Սիմոնը իր խոսքում նշել է. «Երկար տարիներ երազում էի մեծ բեմի ու Եվրատեսիլի մասին, և այսօր իմ երազանքը դարձել է իրականություն։ Սա երկար տարիների քրտնաջան աշխատանքի ու անշեղ հավատքի արդյունքն է։ Հուսով եմ, որ իմ երգը ձեզ կհաղորդի ազատության զգացում, կտա հզոր էներգիա ու կհիշեցնի, որ երբեմն երազանքի ու հաջողության համար բավական է միայն մեկ համարձակ քայլ անել՝ դուրս գալ հարմարավետության գոտուց»,- ասել է Սիմոնը։
2025-ին Սիմոնը մասնակցել է Հայաստանի ազգային ընտրությանը՝ «Դեպի Եվրատեսիլին»՝ զբաղեցնելով երկրորդ հորիզոնականը, թեև տեղական և միջազգային ժյուրիի քվեարկությամբ նա առաջին հորիզոնականում էր։ 2025-ին ՀՀ-ն մրցույթում ներկայացրել է Պարգը: