12 մարտի 2026 - 10:47 AMT
Ստրասբուրգում բացվել է Հայոց այբուբենի հուշարձանը

Ստրասբուրգում՝ Եվրոպական խորհրդարանի վարչական շենքի հարակից տարածքում, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Եվրոպական խորհրդարանի նախագահ Ռոբերտա Մեցոլայի մասնակցությամբ բացվել է Հայոց այբուբենի հուշարձանը։

«Արմատագիր - երկխոսության ուժը» խորագիրը կրող քանդակը տեղադրվել է ՀՀ կողմից՝ որպես երախտագիտության նշան Եվրոպական խորհրդարանի շարունակական և անվերապահ աջակցության համար։ Քանդակը կազմված է Հայոց այբուբենի տառերից:

Ռոբերտա Մեցոլան իր ելույթում ընդգծել է, որ երկխոսությունը ժողովրդավարության հիմնարար հիմքերից մեկն է, որը միավորում է մարդկանց և նպաստում առաջընթացին, հայտնում է վարչապետի մամուլի ծառայությունը:

«Ի վերջո, այդպիսին է Եվրոպայի խորհրդարանն իր էությամբ՝ երկխոսության կառուցում միմյանց հետ, քաղաքացիների հետ և մեզ շրջապատող աշխարհի հետ։ Եվ այս գեղեցիկ գործով՝ Հայոց այբուբենի այս պատկերմամբ, հայերենն իր տեղն է ամրապնդում այն հարուստ և բազմազան երկխոսության մեջ, որը կոչվում է Եվրոպա», - ասել է Ռոբերտա Մեցոլան և մեջբերել հայ բանաստեղծ Սիլվա Կապուտիկյանին. «Ուր էլ լինես, այս լուսնի տակ ուր էլ գնաս, քո մայր լեզուն չմոռանաս»:

Վարչապետ Փաշինյանն իր խոսքում նշել է, որ Հայոց այբուբենի ստեղծումը տեղի է ունեցել դեռևս 5-րդ դարում և հանդիսանում է հայկական ինքնության կարևորագույն հիմնասյուներից մեկը։

«Եվ շատ խորհրդանշական է այն փաստը, որ այս քանդակը կընդգծի կարևոր կապը հայկական ինքնության և եվրոպական ինքնության միջև։ Ես կարծում եմ, որ խոսքը, գիտելիքը, տեքստը ժողովրդավարության կարևորագույն և ուժեղագույն խորհրդանիշներից է, քանի որ հնարավոր չէ ունենալ ժողովրդավարություն առանց տեքստի, առանց շփումների, առանց գրի, առանց ելույթների, առանց խոսքի, առանց օրենքների», - ասել է վարչապետը: