12 մարտի 2026 - 19:06 AMT
Սարգսյան․ ՀՀ-ն շոշափելի առաջընթաց է գրանցել ԵՄ-ի հետ վիզաների ազատականացման երկխոսության գործընթացում

Հայաստանը ներկայում միակ երկիրն է, որի հետ Եվրամիությունը վարում է վիզաների ազատականացման շուրջ երկխոսություն, հայտարարել է ՀՀ ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը՝ ԵՄ ներքին գործերի և միգրացիայի հարցերով հանձնակատար Մագնուս Բրունների հետ համատեղ ասուլիսի ժամանակ։

Նա նշել է, որ ՀՀ-ն շոշափելի առաջընթաց է գրանցել ԵՄ-ի հետ վիզաների ազատականացման երկխոսության գործընթացում, հայտնում է Արմենպրեսը:

Նախարարի խոսքով՝ Հայաստանի քաղաքացիների համար ԵՄ վիզաների ազատականացման շուրջ երկխոսությունը, որը սկսվել է 2024 թվականի սեպտեմբերից, համագործակցության զարգացման կարևոր փուլերից մեկն է։

«Այս գործընթացը մեր երկրի համար միայն ճամփորդության հնարավորության մասին չէ։ Այն ընդգրկում է լայնածավալ բարեփոխումների օրակարգ, որը նպատակ ունի ամրապնդել մեր պետական ինստիտուտները, բարելավել միգրացիայի և սահմանների կառավարումը, ինչպես նաև զարգացնել միջազգային իրավապահ համագործակցությունը։

Հիշեցնեմ նաև, որ Հայաստանը երկխոսության մեկնարկից ի վեր համադրելի երկրների շարքում ռեկորդային արագ ժամանակահատվածում ստացել է գործողությունների ծրագիրը, ինչը չափազանց պարտավորեցնող գնահատական է։ Որպես հայկական կողմի գլխավոր բանակցող՝ կարևոր եմ համարում նշել, որ երկխոսության մեկնարկից ի վեր Հայաստանն արդեն իսկ արձանագրել է շոշափելի առաջընթաց, իհարկե, մեր գնահատականներով։ Հայաստանի կառավարությունը լիովին հանձնառու է իրականացնել Եվրոպական միության վիզաների ազատականացման գործողությունների ծրագրով սահմանված բոլոր չափանիշները»,- շեշտել է Սարգսյանը։

Նա նաև հավելել է, որ գործընթացն արդյունավետ համակարգելու նպատակով ստեղծվել են համապատասխան մեխանիզմներ։

ՆԳ նախարարը վստահեցրել է, որ Հայաստանը կշարունակի սերտ համագործակցությունը Եվրոպական միության և միջազգային գործընկերների հետ՝ ապահովելու գործընթացի հաջող իրականացումը։

2025թ․ դեկտեմբերի 2–ին Բրյուսելում ՀՀ-ԵՄ գործընկերության խորհրդի 6-րդ նիստի արդյունքներով՝ Հայաստանն ու Եվրամիությունը ստորագրել են գործընկերության ռազմավարական օրակարգը։ Փաստաթուղթը ստորագրել են Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը և Եվրամիության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր հանձնակատար Կայա Կալասը։