22 հունիսի 2009 - 19:46 AMT
Ադրբեջանցիներն իրենք դեռ չեն կողմնորոշվել, թե որ մշակույթին են պատկանում
«Մեր խնդիրը կայանում է նրանում, որ մենք հիանալի տեսնում ենք, թե ինչ է անում Ադրբեջանը, եւ լռում ենք` ձեւացնելով, որ չենք նկատում», - այսօր կայացած մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է «Armenianhouse.org» էլեկտրոնային գրադարանի տնօրեն Կարեն Վրթանեսյանը` մեկնաբանելով ադրբեջանական մամուլում երբեմն անհեթեթության հասնող հրապարակումները: Դրա հետ մեկտեղ, նա նշել է, որ եթե հայկական կողմից դա դիտարկվում է որպես վեհանձն ժեստ, ադրբեջանական կողմը դա համարում է թուլություն, ինչից էլ օգտվում է:

«Մեր փոխարեն ցանկացած այլ երկիր անհապաղ կբողոքեր Ադրբեջանի դեմ, իսկ ի՞նչ ենք անում մենք: Ծիծաղում ենք` խուսափելով իրականությունից», - հայտարարել է Կարեն Վրթանեսյանը: Նրա խոսքերով, ադրբեջանական հասարակությունը գտնվում է կազմավորման գործընթացում, ինչն էլ արվում է հայերի նկատմամբ ատելության հաշվին: Ընդ որում, Վրթանեսյանը նշել է, որ ադրբեջանցիներն իրենք դեռ չեն կողմնորոշվել, թե որ մշակույթին են պատկանում, ավելացնելով. «100 տարվա ընթացքում նրանք այդպես էլ չկողմնորոշվեցին, թե ովքեր են: Սկզբում իրենց անվանում էին կովկասյան թաթարներ, հետո թյուրքեր, այնուհետեւ ադրբեջանցիներ, հիմա էլ նրանք ազերներ են»:

«Հայերի նկատմամբ ադրբեջանցիների վերաբերմունքն ու ոճն ինձ հիշեցնում է նացիստական Գերմանիան: Եթե Գերմանիան ամեն ինչում մեղադրում էր հրեաներին, ապա ադրբեջանցիները տեղի ունեցածում, անկախ այն բանից, որտեղ է դա եղել եւ ինչ է եղել, մեղադրում են հայերին, որպեսզի նաեւ արդարացնեն իրենց գործողությունները: Ինչպե՞ս կարելի է ապրել այդպիսի հարեւանի կողքին, որն իր պետությունը կառուցում է մեր նկատմամբ ատելության հիման վրա», - հայտարարել է Վրթանեսյանը:

Իր հերթին, ռազմական հոգեբան Դավիթ Ջամալյանն ավելացրել է, որ «2005 թվականին Ռեգիոն ամսագիրը հարցում էր անցկացրել, պարզելու համար, թե ով ում է ամենից շատ ատում` ադրբեջանցիները հայերին, թե հակառակը: Արդյունքները միանգամայն կանխատեսելի էին: Մենք ինքնախաբեությամբ ենք զբաղվում, եթե կարծում ենք, որ թուրքերը կամ ադրբեջանցիները երբեւէ կփոխվեն, մենք ինքներս էլ երբեք չենք փոխվի»:

«Մենք դեմ չենք ազատ հանրապետություններին եւ մենք դեմ չենք նրանց հետ հարեւանությանը: Խնդրեմ, թող կազմավորեն իրենց պետությունը, բայց ոչ մեր հաշվին», - հայտարարել է Ջամալյանը: