23 մարտի 2026 - 14:09 AMT
ՊԵԿ նախագահ․ Կստեղծվի արտաքին տնտեսական գործունեության միասնական կենտրոն

Հայաստանում նախատեսվել է ստեղծել արտաքին տնտեսական գործունեության կենտրոն, որը միավորելու է ներմուծման և արտահանման հիմնական գործառույթները։ Այդ մասին ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստում հայտարարել է ՊԵԿ նախագահ Էդուարդ Հակոբյանը:

«Եթե պարզ բառերով խոսենք, ապա այժմ մենք մաքսային գործառույթները որոշակի տարանջատման սկզբունքով ենք անում։ Հայտարարագրումները, ձևակերպումները, փաստաթղթային հսկողությունն իրականացնում է մաքսային մարմինը, սակայն, օրինակ, փաստացի զննումները իրականացվում են առանձին տերմինալներում»,– ասել է նա, հայտնում է Sputnik Արմենիան:

ՊԵԿ նախագահի խոսքով՝ խնդիր է նաև այն, որ հաճախ այդ տերմինալներում անհրաժեշտ պայմաններ չկան տեղում ստուգումներ իրականացնելու համար։

«Շատ դեպքերում նույնիսկ լաբորատորիաներ չեն լինում, որտեղ, եթե կարիք լինի, ինչ–որ ապրանքներ փորձարկեն, ապա կարողանան տեղում փորձարկել»,– նշել է Հակոբյանը։

ՊԵԿ նախագահի գնահատմամբ՝ նախատեսվող կենտրոնի գլխավոր նպատակը բոլոր գործընթացները մեկ վայրում կենտրոնացնելն է՝ դրանով իսկ հեշտացնելով բիզնեսի գործունեությունը և կրճատելով ժամանակային ծախսերը։

Ըստ նրա՝ նախաձեռնությունը նպատակ ունի առավել արդյունավետ կազմակերպել մաքսային գործընթացները և զարգացնել Հայաստանի դերակատարությունը որպես տարածաշրջանային լոգիստիկ հանգույց։

Ծրագիրը իրականացվելու է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկից ներգրավված 39 միլիոն եվրոյի վարկային միջոցներով, ինչպես նաև պետական բյուջեի ֆինանսավորմամբ։