27 մարտի 2026 - 18:46 AMT
ՖԻՖԱ-ն 5 նոր կանոն է հաստատել ֆուտբոլում

Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիան (ՖԻՖԱ) պաշտոնապես հայտարարել է նոր կանոնների ներդրման մասին։ Փոփոխությունները կիրառվելու են արդեն ԱՄՆ-ում, Մեքսիկայում և Կանադայում անցկացվելիք 2026 թվականի աշխարհի առաջնության ժամանակ։ Նորամուծությունները միտված են ժամանակի ձգձգման նվազեցմանը և տեսաօգնականների դերի ընդլայնմանը։

Սահմանվել է, որ փոխարինվող խաղացողը պարտավոր է լքել խաղադաշտը 10 վայրկյանի ընթացքում։ Եթե նա չի հասցնում, փոխարինող ֆուտբոլիստը ստիպված է սպասել 1 րոպե, իսկ թիմը այդ ընթացքում կխաղա առանց մեկ խաղացողի, հայտնում է Factor.am-ը:

Եզրային նետումների և դարպասից հարվածների համար տրամադրվել է առավելագույնը 5 վայրկյան։ Ժամկետը խախտելու դեպքում գնդակը փոխանցվում է մրցակցին։

Դաշտում բուժօգնություն ստացած ֆուտբոլիստը պետք է դուրս գա խաղադաշտից և կարող է վերադառնալ միայն 1 րոպե անց, եթե տվյալ դրվագում չի պատժվել քարտով։

VAR համակարգի լիազորությունները ընդլայնվել են․ այժմ այն կարող է վերանայել նաև երկրորդ դեղին քարտերի և վիճահարույց անկյունայինների դրվագները։

Միայն թիմի ավագն է իրավունք ունենալու դիմել մրցավարին պարզաբանում ստանալու համար, իսկ մյուս խաղացողները, որոնք կշրջապատեն մրցավարին, կպատժվեն դեղին քարտով։